ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա
СпортՖԻՖԱ-ն առաջիկա երեք տրանսֆերային պատուհանների համար արգելք է սահմանել մերձմոսկովյան «Խիմկիի», Կրասնոդարի «Կուբանի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Այս առիթով մոսկովյան ակումբի հաղորդակցության տնօրեն Կիրիլ Բրեյդոն գրառում է կատարել։
«Նորությունները հետևյալն են․ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն տրանսֆերային արգելք է սահմանել ԲԿՄԱ-ի վրա՝ Էջուկեի և «Հերենվենի» գործի շրջանակում։ Մենք պատրաստ էինք այս որոշմանը՝ սա մեր արդարության համար պայքարի սպասվող միջանկյալ փուլն է»,- գրել է Բրեյդոն իր Telegram-ալիքում։
Էջուկեն 2020 թվականին «Հերենվենից» տեղափոխվել էր ԲԿՄԱ 11,5 միլիոն եվրոյով։ Ամռանը նիգերիացին լքել էր «կարմիր-կապույտներին»՝ որպես ազատ գործակալ։ Օգոստոսին «Հերենվենը» դիմել էր Սպորտային արբիտրաժային դատարան՝ պահանջելով 3,1 միլիոն եվրոյի չափով վերջին վճարը, որը ԲԿՄԱ-ն չէր կատարել Էջուկեի տրանսֆերի դիմաց։
«Խիմկիի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Օլենևն էլ, իր հերթին, նույնպես մեկնաբանել է իրավիճակը։
«Ներկայումս ՖԻՖԱ-ի կողմից ակումբի վրա սահմանվել է մեկ արգելք ֆուտբոլիստների գրանցման վերաբերյալ, և այն ժամանակավոր բնույթ է կրում։ Գործը կապված է Բեսարդ Սաբովիչի հետ։ Մեր կողմից բողոքարկում է ներկայացվել CAS՝ մեր շահերը պաշտպանելու նպատակով։ Գործի բավականին երկարատև քննարկումից հետո միջազգային դատարանը կանգնեց ֆուտբոլիստի կողքին։
Ինչպես գիտեք, այժմ արտասահմանյան բանկային փոխանցումները պահանջում են հավելյալ համաձայնեցումներ, ինչը դանդաղեցնում է ֆինանսական հարցերի լուծումը։ Ակումբի իրավաբանները երկխոսության մեջ են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, և հարցը լուծման գործընթացում է։ Ակումբի նկատմամբ որևէ հավելյալ պատժամիջոց չի կիրառվել»,- նշել է Օլենևը։