Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Սյունիքի մարզում հարցվածների 81,6 %ը գոհ է մարզի սոցիալտնտեսական կյանքից։ «Ընդհանրապես գոհ չէ» կամ «ավելի շուտ գոհ չէ» հարցվածների 18,4 %ը։ Նման պատկեր է ստացվել «Բրևիս» ընկերության վերջերս իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում:
Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ մոտ 72 %ը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական։ Միևնույն ժամանակ, հարցվողների 78,15 %ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ Ընդ որում, միանշանակ բացասական վերաբերմունք ունի հարցվածների ընդամենը 3 %ը, իսկ 9,4%ն ավելի շատ գոհ է, քան դժգոհ։ Հայաստանում հարցվածների 77 %ը, իսկ Սյունիքում հարցվածների 69,8 %ը կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 88,4%ը, կարծում է, որ, եթե Սյունիքում չլինի հանքարդյունաբերությունը, ապա մարզից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Այս տեղեկությունները հրապարակվեցին երեկ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում:
Ի դեպ, միջոցառման ժամանակ նաև նշվեց, որ Սյունիքը, ըստ վիճակագրության, Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Ըստ «Modex Advisory» ընկերության իրականացրած «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում. Սյունիքի մարզի և ԶՊՄԿի ֆենոմենը» վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23 %, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1 %, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում