Հայաստանը պետք է պատրաստ լինի, պատերազմը չի ուշանա
Интервью«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «իրադարձությունները» հետևանք էին աշխարհում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների։ Ադրբեջանը կոպտագույն սխալ է թույլ տվել էթնիկ զտում իրականացնելով Արցախում, ժողովրդի վրա հարձակում գործադրելով։ Դա հիմա նրանք հասկանում են։ Հստակ ուզում եմ արձանագրել, որ ԼՂ բնակիչների հետ վերադարձի իրավունքը ամրագրված է ՄԱԿ Արդարադատության Միջազգային Դատարանի միջանկյալ որոշման մեջ։ Ժամանակներ անց սա Ադրբեջանին կանգնեցնելու է բարդագույն խնդիրների առաջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Իսրայելյանը։
Տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի շարժումը տարբեր ձև է մեկնաբանվել, ըստ այդմ՝ խնդրի շուրջ նաև ընկալումներն են եղել տարբեր։ Մեր զրուցակիցը հստակեցնում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այլ բան է, Ադրբեջանի քաղաքական ինքնիշանությունը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ.
«Զգուշորեն կասեմ, որ իմ տպավորությունն այն է, որ հայերը չեն ընդունել, որ Ադրբեջանը քաղաքական ինքնիշխանություն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որովհետև հայկական կողմը պնդել է, որ կան հայեր, որոնք Խորհրդային Միության ժամանակ ունեցել են ինքնավար մարզի կարգավիճակ, ԼՂԻՄ, որն Ադբեջանի Միլի մեջլիսը ուժը կորցրած է ճանաչել։ Հայաստանը դիմել է Խորհրդային Միության Սահմանադրական հանձնաժողով վերականգնելու կարգավիճակը։ Հետևաբար, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել հետևյալը․ Մետրոպոլիան, այսինքն Ադրբեջանը, ճնշել է իր տարածքում ապրող ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող հայերին, որից ծագել է իրենց իրավունքների շարժումը, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շարժումը»։
Առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո եթե Հայաստանը կամ միջազգային հանրությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Ադրբեջանը կարող էր վերադարձնել Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած իր կարգավիճակը՝ տարածքային ամբողջականությամբ։ Վերլուծաբանը պնդում է, որ հիմա, երբ Ադրբեջանն ասում է Խորհրդային Միության քարտեզով կան անկլավներ, որոնք հայերը պարտավոր են վերադարձնել Ադրբեջանին, պետք է նկատի ունենալ, որ այդ նույն քարտեզներում կա նշված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, հետևաբար, նրանք այդ կարգավիճակը պետք է վերադարձնեն։
«Ես կարող եմ մեկ բան հստակ ասել, որ աշխարհը այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ենք։ Ինչ վերաբերվում է հարցին, թե մեր տարածաշրջանում կլինի՞ պատերազմ, թե ոչ, կլինեմ հստակ. այո՛, և դա չի ուշանա։ Եթե ընդհանրացնեմ, ապա պնդում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում կլինի ՄԱԿ կառավարման ներքո։ Հիմա աշխարհում տեղի է ունենում զտման քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականությունում կա թյուր ըմբռնում, որ կլինի խաղաղության պայմանագիր։ Ես դա գրեթե անհավանական եմ համարում։ Այո, հնարավոր է լինեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պաշտոնական փաստաթղթեր, բայց խաղաղության պայմանագիրն այս փուլում բացառված է։ Տարբեր իրավիճակներից եթե դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը՝ կարծում եմ, կարող ենք տարբեր պատկերներ տեսնել, ինչն այս փուլում չէի ցանկանա մեկնաբանել»,- ասաց նա։
Մեձավոր Արևելքում ծայր առած գործողությունները 2021 թվականին տեղի ունեցած տարածաշրջանային մի քանի գործողության արդյունք են։ Իսրայելյանի գնահատմամբ, մի քանի ամիս անց ողջ Մերձավոր Արևելքը փոխվելու է։ Ըստ կանխատեսումների՝ այնտեղ Սիրիա-Իսրայել պատերազմի մեկնարկում անհամաձայնության իմիտացիա կլինի Գոլանի բարձունքի շուրջ։
«Հայաստանի Հանրապետությունն այս պահին կամ մոտակա ժամանակները խաղաղության պայմանագիր չի ունենա Ադրբեջանի հետ այն պատճառով, որ Ադրբեջանն իր խոսքերում և քայլերում անկեղծ չէ։ Սա շատ հստակ պատկերացնում են բոլորը։ Հայաստանի իշխանությունները նաև պետք է լինեն պատրաստ Ադրբեջանի գործողություններին դիմադրելու համար։ Բոլորը պետք է հստակ հասկանան՝ պատերազմը չի ուշանա»,- եզրափակեց նա։