Մուհամմադ ալ Բաշիրը կդառնա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար. լրատվամիջոցներ
ПолитикаՄուհամմադ ալ Բաշիրը կդառնա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար, ինչի մասին հայտնել են Тasnim-ը, Reuters-ը և Al Jazeera-ն:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունն ու իշխանությունները պայմանավորվել են իշխանության խաղաղ փոխանցման և Սիրիայում քաոսից խուսափելու շուրջ:
Ալ Բաշիրը նախկինում աշխատել է որպես զարգացման և հումանիտար հարցերի նախարար Իդլիբում գտնվող Սիրիայի փրկության կառավարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։