«Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն
Культура«Գոյ» թատրոնը հայտարարություն տարածել, որում ասվում է «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»:
«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ձեր թատրոնը՝ մի վայր, որտեղ հնչել է ազատ խոսք, ստեղծվել է նոր գաղափարներ և համախմբել մեր հասարակությունը։ Սա մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո։
Արդեն 8 ամիս է, ինչ մեր սիրելի թատրոնի դռները փակ են։
Մեր մշակութային կյանքի այս կարևոր կետը զրկված է իր բնականոն աշխատանքից, իսկ հասարակությունը՝ շփվելու արվեստի հետ։ Այս տևական ընդմիջումը ոչ միայն մեծ վնաս է հասցնում թատրոնին, այլև վտանգում է մեր հասարակության արժեհամակարգը։
Արվեստն ուժ ունի ՝ միավորելու, զորացնելու և առողջ հասարակություն ստեղծելու։ «Գոյ» թատրոնի փակ դռները խաթարում են այդ գործընթացը։ Մենք չենք կարող թողնել, որ այն այդպես շարունակվի։
Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»։
Այս պայքարը միայն թատրոնի համար չէ. սա պայքար է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ արվեստն ու մշակույթը մեր կյանքի անբաժան մասն են։
Աջակցեք, բարձրաձայնեք, միացեք։
Թող թատրոնը կրկին ապրի, իսկ նրա դռները բաց լինեն բոլորի համար»,- ասված է հայտարարության մեջ։