Երեք նախագահներն արհամարհեցին պատեպատ զարկվող Փաշինյանին
АналитикаՀայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճը մերժելուց հետո իշխանական ամբողջ քարոզչամեքենան, ֆեյքերի ֆաբրիկաներն ու պատվերով փորձագետները լայնածավալ գրոհ են սկսել՝ նրանց մեղադրելով բանավեճից փախչելու, իրենց փաստարկները ներկայացնելուց հրաժարվելու մեջ։ Ամենախուճապային տրամադրությունները, բնականաբար, իր՝ Նիկոլ Փաշինյանի մոտ են, ով ամեն գնով նոր շոու էր ուզում բեմադրել։ Նա մի քանի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձն Ադրբեջանի կազմ: Մենք սա չենք արել և ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել: Սա է իրականությունը, ժողովուրդ ջան»,- գրել է նա և հավելել. «Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը և համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով և ըստ պատեհության էլի կխոսեմ: Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչներն ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»:
Երեք նախագահները, և ցանկացած ողջամիտ մարդ, վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ խոսելիք չունի, ամեն ինչ շատ պարզ է և հստակ։ Իսկ նրա հետ բանավեճը ՀՀ հաղթող նախագահներից որևէ մեկին պատիվ չի բերելու։ Փաշինյանը դեռ 2018 թ. կարող էր ոչ թե բանավիճել, այլ խորհուրդներ հարցնել բանակցային գործընթացին խորագիտակ նախագահներից, ԱԳ նախարարից, այլ ոչ թե «Արցախը Հայաստան է և վերջ», «Բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» հայտարարելով բանակցային գործընթացը փակուղի մտցներ և պատերազմ սադրեր՝ հազարավոր զոհերի պատճառ դառնալով։
Փաշինյանի հետ զրույց միայն քննիչներն ու դատախազներն ունեն, այն էլ՝ իշխանափոխությունից հետո։
Էլիզա Զաքարյան