«Վազգեն. Վերջին Սպարապետը»՝ ազգային հերոսի անմոռանալի կերպարը մեծ էկրանին
Lifestyle
«Վազգեն. Վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը մեծ էկրաններին կբարձրանա մարտի 5-ին, ներկայացնում է Վազգեն Սարգսյանի կյանքը՝ իր դժվարություններով, գեղեցիկ պահերով և անկեղծ բացահայտումներով: Ֆիլմը ստեղծվել է նրա եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի ջանքերով, ով հանդիսանում է գլխավոր պրոդյուսերը, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը։
«Սա պարզապես ֆիլմ չէ, այլ մի հուշարձան մեր բոլորի Սպարապետին»,- ասում է Նոնո Սարգսյանը: Նա ընդգծում է, որ ֆիլմը բացահայտում է ոչ միայն հերոսի կերպարը, այլև նրա կյանքի անծանոթ դրվագները:
Սցենարի հեղինակ Լևոն Գալստյանի խոսքով՝ ֆիլմը ցույց է տալիս Վազգեն Սարգսյանին ոչ թե որպես գերմարդու, այլ որպես ազգային հերոս, ընկեր և գրող: «Շատերը չեն գիտակցում նրա գրական ժառանգության կարևորությունը: Հուսով եմ՝ այս ֆիլմը կբացահայտի այդ հետաքրքիր շերտը»,- ասում է նա:
Դերասան Խորեն Լևոնյանը պատմում է, որ կերպարին մերվելու համար ամբողջությամբ նվիրվել է աշխատանքին. «Ինձ համար սա կյանքի դեր է: Փորձել եմ ստեղծել իսկական, խորքային կերպար՝ խուսափելով կրկնօրինակման գայթակղությունից»:
Մարջան Ավետիսյանը, ով մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին, նշում է, որ դերակատարումը մեծ պատասխանատվություն էր. «Նա բոլորի մայրիկն էր, և ես փորձել եմ փոխանցել այդ անսահման սերը»։
Ստեղծագործական թիմի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը տվեց հաղթանակի բերկրանք, բայց անձնական երջանկության համար ժամանակ չունեցավ՝ մնալով մենակ իր երազանքների և ճակատագրի առջև։ Ֆիլմը նվիրված է բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքը, նրա հաղթական էջերն ու անմոռանալի հերոսները։
Մարինա Ալեքսանյան