Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իր
Общество
Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է ինքնաշեն պայթուցիկի:
Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները: Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը:
Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ:
Բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն: