«Բա որ այլ գործունեությամբ չզբաղվեմ ընտանիքս ո՞նց կպահեմ», այսօր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ անկեղծացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Ինչպես տեսնում ենք, մարդկային ճշմարտախոսությունը աչք է ծակում: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ներկայիս դաժան իրականությունը պահանջում է պայքար հանուն բարեկեցիկ կյանքի, սակայն այն, որ բանը հասել է արդեն պատգամավորներին, մի պահ անգամ վշտացնում է:
Չնայած նրան, որ պարոն Սեդրակյանը, այնուամենայնիվ, չի ցանկացել բացել չակերտները եւ առավել հստակ նշել, թե ինչ է ի նկատի ունեցել այլ գործունեություն ասելով, սակայն վերջինիս կերպարը լավ ճանաչելով՝ հույսներս ամեն դեպքում դնում ենք բարու եւ հեքիաթայինի վրա:
Թե պատգամավորական գործունեությունից բացի է՞լ ինչով է զբաղվում պարոն Սեդրակյանը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տվյալ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից.
-Մարդը շատ պարզ ասել է, դա ընդունեք որպես հիմք:
-Հնարավո՞ր է, որ նա լաբորատոր փորձաքննություններ է անցկացնում:
-Միգուցե նա գիտահետազոտական կամ գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվում, չգիտեմ: Բոլոր պատգամավորների գործունեությունները հիշել հնարավոր չէ:
-Փաստորեն չի բացառվում նաեւ, որ պարոն Սեդրակյանը ջութակ է նվագում:
-Չէ, ավելի լուրջ եկեք վերաբերվենք հարցին: Նա զբաղվում է ինչ-որ գործունեությամբ, որը չի խանգարում պատգամավորական իր գործունեությանը:
-Իսկ բացառվու՞մ է, որ նա պարզապես բիզնես գործունեությամբ է զբաղվում:
-Լավ ես արդեն ավարտեցի:
Ի դեպ, նշենք, որ Orer.am-ը հարցում է ուղարկել կրթության եւ գիտության նախարարություն ճշտելու համար, թե Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ավարտած Մհեր Սեդրակյանն արդյո՞ք դասավանդում է համալսարաններից կամ դպրոցներից մեկում: Ո՞վ գիտե, թե ինչ սենսացիոն բացահայտումներ կարող են լինել. միգուցե պարոն Սեդրակյանը ֆիզկուլտուրայի հասարակ ու համեստ ուսուցիչ է…
Սոսե Չանդոյան