Հայաստանում յոթ ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 4,1 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-հուլիսին 4,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Գրեթե բոլոր ոլորտներում պահպանվում է աճի միտումը, բացառությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրված անկումից հետո նախորդ վեց ամիսներին արձանագրված աճը պահպանվել է՝ կազմելով 0,5 տոկոս (159 միլիարդ 938,6 միլիոն):
2013թ. հունվար-հուլիսի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 5,5 տոկոսով և կազմել 599 միլիարդ 550,8 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3,2 տոկոսով՝ կազմելով 316 միլիարդ 098,2 մլն դրամ: Առևտրի շրջանառությունն աճել է 5,6 տոկոսով և կազմել 1 տրիլիարդ 213 մլրդ 366,2 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 693 միլիարդ 653,4 միլիոն դրամ, 1,5 տոկոսով աճել է 2013թ. հունվար-հուլիսի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,4 տոկոսով (163 հազար 695 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 3,5 տոկոսով (3 միլիարդ 289,5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում՝ արտահանումն աճել է 2,8 տոկոսով (847,5 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 3,7 տոկոսով (2 միլիարդ 442 մլն դոլար):
Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիսին եղել է 411,25: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: