Մտահոգիչ է, որ մինչ օրս Վարդան Օսկանյանի համար հարազատ են ինչ-որ ծառայությունների դիմաց տրվող դոլարներն ու եվրոները
Ինչպես հայտնի է, փողերի լվացման մեղադրանքով 2012թ. հարուցված քրեական գործից հետո Ջոն Հանթսմանը դադարեցրեց Վ.Օսկանյանի և նրա “Սիվիլիթաս” հիմնադրամի ֆինանսավորումը, քանի որ, ինչպես արդյունքում պարզվեց, պարոն Օսկանյանը “պատահմամբ” յուրացրել և սեփական կարիքները հոգալու համար ծախսել էր Հանթսմանի կողմից հիմնադրամին հատկացված գումարների մի մասը: Հավանաբար հենց այս հանգամանքից ելնելով էլ Օսկանյանի հարազատ USAID–ն օրերս մերժել է “Սիվիլիթասին” հերթական դրամաշնորհի տրամադրումը: Հենց օտարերկրյա ֆինանսավորման դադարեցման պատճառով է, որ Ստամբուլում գործող “Սիվիլիթասի” մասնաճյուղի ֆինանսավորումն ապահովելու համար պարոն Օսկանյանը վերջերս Ստամբուլում կազմակերպել էր դրամահավաք-ճաշկերույթ, որի արդյունքում տեղի հայ գործարարներից կարողացել էր հավաքել ընդամենը 20.000 դոլար: Ասում են, որ այս ֆինանսական “որոգայթից” դուրս գալու նպատակով Վ.Օսկանյանը նույնիսկ վաճառքի է հանել Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն դոլար է:
Պարոն Օսկանյանի ֆեյսբուքյան էջից երևում է, որ վերջին ամիսներին նա պարբերաբար հոդվածներ է գրում արաբական “Ալ Ջազիրա” հեռուստաընկերության լրատվական կայքի համար: Սակայն, ինչպես պարզվեց, ՀՀ նախկին արտգործնախարարը “Ալ Ջազիրայի” համար հոդվածներ է գրում ոչ թե ազատ ժամանակը լրացնելու կամ միջազգային անցուդարձի վերաբերյալ իր “հեղինակավոր” խոսքն ասելու համար, այլ դա անում է ընդամենը իր ֆինանսական ճեղքվածքը որոշ չափով փակելու նպատակով: Պարզվում է, որ գործող կարգի համաձայն “Ալ Ջազիրան” նմանատիպ յուրաքանչյուր հոդվածի համար հեղինակին վճարում է 1.000 դոլար հոնորար: Այդ առումով բացառություն չէ նաև Վարդան Օսկանյանը:
Հայաստանում ոչ միանշանակ հեղինակություն ունեցող արաբական “Ալ Ջազիրայի” համար հոդվածներ գրելն ամենևին էլ դատապարտելի չէ, նույնիսկ ողջունել է, որ ՀՀ նախկին արտգործնախարարը կարողանում է օտարերկրյա լրատվամիջոցն օգտագործելով իր տեսակետները ներկայացնել ընթերցողների լայն շրջանակներին և դրա դիմաց գումար ստանալ: Այստեղ հարցն այլ է: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Վարդան Օսկանյանի ֆինասական բոլոր աղբյուրները օտարերկրյա են` Հանթսման, USAID, “Ալ Ջազիրա”, Ստամբուլի գործարարներ և այլն: Ստացվում է, որ հայրենադարձ եղած քաղաքական գործիչը, բավականին երկար ժամանակ ապրելով Հայաստանում, այդպես էլ չկարողացավ ընտելանալ ու մերվել տեղի միջավայրին, չսովորեց ծախսել այստեղ աշխատած հայկական դրամը: Մտահոգիչ է այն, որ մինչ օրս Վարդան Օսկանյանի համար հարազատ են դրսի փողերը, ինչ-որ ծառայությունների դիմաց տրվող դոլարներն ու եվրոները: