Զինծառայությունից խուսափածը պետք է պաշտպանի զինծառայողների շահերը
Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակից տեղեկություն ստացանք, որ զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը: Ինչով է այս նշանակումն ուշագրավ՝ զինծառայողների հարցերով զբաղվելու է զինվորական ծառայությունից խուսափած անձը, ով գիտական գործունեությամբ զբաղվելու պատրվակով բանակ չի գնացել, հիմա էլ, փաստորեն, որոշել է ոչ թե գիտական գործունեությամբ զբաղվել, այլ զինծառայողների իրավունքները պաշտպանել: Ինչպես տեղեկացանք օմբուդսմենի նորանշանակ տեղակալի կենսագրությունից, նա իրավապաշտպանի գործունեությամբ էլ կարգին չի զբաղվել, 2013-ից Անդրեասյանի խորհրդական է աշխատել, ապա՝ արագ արձագանքման խմբի ղեկավար: Իսկ 2014-ին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել: Մինչ այդ՝ 2011-2012 թվականներին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի դատավորի օգնական է աշխատել: Երբ փորձեցինք նրա գործունեության մասին տվյալներ փնտրել ինտերնետում, բացի նրա նշանակման մասին լուրից, հայտնաբերեցինք Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մի միջադեպ, որին «Հրապարակն» անդրադարձել էր: «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք էր եղել նրա եւ ակումբի աշխատակիցների միջեւ, որից հետո նա փորձել էր հեռանալ՝ առանց հաշիվը փակելու, ինչն ավելի էր թեժացրել սկանդալը, եւ միջադեպին ստիպված միջամտել էին իրավապահները: