Երեկ երեկոյան՝ ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը հարձակվել եւ ծեծի է ենթարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Հիշեցնենք, որ պատգամավորի վրա հարձակումն իրականացվել է վերջինիս տան շքամուտքի մոտ: Ծեծի հետեւանքով Ա. Մանուկյանը ստացել է տարբեր տիպի վնասվածքներ եւ ուղեղի ցնցում։ Այս ամենի հետ կապված՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր վաղ առավոտյան՝ մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը, ոստիկանությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել ղեկավար կազմի եւ բոլոր կարեւորագույն ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
Տվյալ դեպքի առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել քաղաքական դաշտի տարբեր բեւեռներում գտնվող գործիչները: Orer.am-ի հետ զրույցում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վերաբերմունքը վերը նշված դեպքի հետ կապված ներկայացրեց ՀՀ ազգային ժողովի լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը. «ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության յուրաքանչյուր դեպք, հատկապես, երբ այն կապված է ԱԺ պատգամավորների հետ: Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսային զրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակի մասին: ԱԺ նախագահը տեղի ունեցածի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ է ստացել հենց Արամ Մանուկյանից: Միաժամանակ նկատեմ, որ ԱԺ նախագահի ուշադրության ներքո է գտնվում տվյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքը, որի հետ կապված պարոն Սահակյանն արդեն իսկ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված է քրեական գործ, պետք է նշեմ, որ դեպքի ընթացքի լուծումը պարզապես անհրաժեշտ է թողնել համապատասխան մարմիններին»:
Նշենք, որ պատգամավորի վրա հարձակում իրականացրած անձը դեռեւս անհայտ է:
Սոսե Չանդոյան