«Թանկարժեք տղաները». պատմություն ծնողական սիրո և կյանքի արժեքների մասին
КультураՆոյեմբերի 6-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Արշո Հարությունյանինոր ֆիլմի՝ «Թանկարժեք տղաները»-ի հանդիսավոր պրեմիերան։ Ֆիլմը նկարահանվել է «Sharm Holding»-ի և «Mitoyan Production»-ի համատեղ արտադրությամբ։
Պատմությունը սկսվում է տասնյոթ տարի առաջ՝ ծննդատանը տեղի ունեցած անսպասելի շփոթությունից, որի հետևանքով երկու նորածիններ փոխվում են տեղերով։ Ծնողները, չիմանալով այդ մասին, մեծացնում են երեխաներին որպես սեփական զավակների։ Տարիներ անց ճշմարտությունը բացահայտվում է՝ փոխելով երկու ընտանիքների ճակատագրերը և ստիպելով նրանց վերաիմաստավորել տարիներով ձևավորված կյանքի արժեքներն ու սկզբունքները։
Ֆիլմում հարուստ և հաջողակ Բաբկեն ու Սյուզան Դարբինյանների (Խորեն Լևոնյան, Լուիզա Ներսիսյան) ընտանիքը բախվում է աղքատության մեջ ապրող, պարտքերով ճնշված Մովսես և Սիրարփի Դարբինյանների (Մկրտիչ Արզումանյան, Թամարա Պետրոսյան) ճակատագրին։ Թեև նրանք պատկանում են սոցիալական տարբեր շերտերի, նրանց միավորում է ծնողական սերը, մարդկային ջերմությունը և բարությունը։
«Ֆիլմը բարի ընտանեկան պատմություն է։ Ուղերձներն ինձ համար շատ նուրբ են՝ ծնողների և երեխաների փոխհարաբերություններ, անելանելի իրավիճակից ելք գտնել, ագահությանը չտրվել և ամեն պարագայում մարդ մնալ», – նշել է ռեժիսոր Արշո Հարությունյանը՝ ընդգծելով, որ ֆիլմը նախատեսված է լայն հանդիսատեսի համար և կրում է դրական էներգիա։
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նկարահանման ընթացքը բնորոշել է որպես բացառիկ համագործակցություն․ «Արշոն ոչ միայն կադրի տերն է, այլև՝ կադրում գտնվող մարդկանց հոգեբանության։ Նա յուրաքանչյուր կերպարի էությամբ է ապրում, ինչը զգացվում է ֆիլմի մթնոլորտում»։
Երիտասարդ դերասաններ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Ղազարյանը պատմել են, որ ֆիլմը հիշեցնում է մարդկանց ամենակարևոր բանի՝ ունեցածը գնահատելու անհրաժեշտությունը։ «Թանկարժեք տղաներն» հենց այդ գնահատելու, ընտանիքի և սիրո արժեքի մասին է», – նշել է Սուրեն Ղազարյանը։
Ֆիլմում նաև հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Ղազարյանը։
Ստեղծագործական խումբը՝
Բեմադրող ռեժիսոր՝ Արշո Հարությունյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան
Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
Երաժշտություն՝ Արման Պարսամյան
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան։
Հայկական պրեմիերայից հետո՝ նոյեմբերի 16-ին, «Թանկարժեք տղաները» կցուցադրվի նաև ԱՄՆ-ում, AGBU կենտրոնում, որտեղ ֆիլմը կներկայացնեն ռեժիսոր Արշո Հարությունյանը, գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը և պրոդյուսեր Արման Միտոյանը։