ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում
Аналитика«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, այսպես կոչված, քաստինգը, երբ պատգամավորության թեկնածու դառնալու հայտ ներկայացրած 380 անձանցից պետք է 150 և ավելի թեկնածուներ ընտրեն՝ նրանց ընտրական ցուցակում ներգրավելու համար։ Երեկ կայացած վարչության նիստում հարցաքննել են կառավարության անդամներին, Փաշինյանի խորհրդականներին, որոնք ևս հայտ են ներկայացրել ընտրական ցուցակում ներգրավվելու համար։
Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննությունը բոլորովին էլ հեշտ ու հանգիստ չի անցել, այլ՝ ընդհակառակը։ Ձևավորված վարչությունը, որն այժմ իրեն «Քաղպայմանագրում» տեր և տնօրեն է զգում, բավականին կոշտ հարցադրումներ է արել տարբեր նախարարների, պաշտոնյաների, ընդհուպ՝ սպառնացել մի քանիսին զրկել ընտրական ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից, բայց և այնպես Փաշինյանի հրահանգով բոլոր այդ պաշտոնյաներին հաստատել են, և առաջիկայում նրանք կլինեն ոչ միայն ցուցակում, այլև ցուցակի վերին հորիզոնականներում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրենք ամենօրյա ռեժիմով են անցկացնելու այդ քաստինգը, և վարչության որևէ անդամ չպետք է բացակայի նիստերից։
Իհարկե, քպականների համար դա շատ ավելի տխուր հեռանկար է, քանի որ երեկոները հանգստի վայրերում կամ ընտանիքների հետ անցկացնելու փոխարեն ստիպված են լսել տարատեսակ կուսակիցների մտազեղումները։ Բայց և հրաշալի հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին չլսելու դեպքում խնդիրներ կունենան անձամբ իրենք, ուստի և խելոք, հերթով-շարքով գալիս և ներկայանում են վարչության նիստերին։
Տաթևիկ Բադալյան