Ինչպես ավտոլվացման կայանը շարժիչային խոտհնձիչ ստեղծելու միտք տվեց. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր մարդիկ հաճախ են, օրինակ՝ հանգստյան օրերին արթնանում տրիմմերի ձայնից, որը խոտհնձիչի տեսակ է: Իսկ արդյո՞ք այդ սարքը վաղուց է հորինվել:
Պարզվում է՝ ոչ, 1971 թվականին է այն հորինվել Ջորջ Բոլասի կողմից։ Նա ամերիկացի ձեռնարկատեր և շոումեն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի և Կորեական պատերազմի մասնակից այդ նախկին զինվորականը ամուսնացել էր տանգոյի պարուհու հետ: Նա հիանալի ձեռնարկատեր էր, նրա ղեկավարության ներքո կային մի քանի սրճարաններ, խաղասրահներ և հարյուրից ավելի պրոֆեսիոնալ պարային խմբեր: Նրա ամբողջ կայսրությունը կոչվում էր Dance Citi USA Studio:
Բոլասը եռանդուն այգեպան չէր, իսկ նրա տան հետևի ամբողջ տարածքը խոտածածկ էր, որը պետք է խնամվեր: Եվ հիմնական խնդիրը ծառերն էին, քանի որ դրանց տակ գտնվող խոտը դժվար էր կտրել այգու մկրատով: Դրանց մեջ կարող էին թաքնվել վտանգավոր օձեր։ Տրիմմերի ստեղծման գաղափարը նրա գլխում ծագել է ավտոլվացման կետ այցելելու ժամանակ։ Բոլլասին հետաքրքրել են խոզանակի առաձգական նեյլոնե թելերը, որոնք մաքրում էին իր մեքենայի կեղտը։ Ավտոլվացումից հետո Ջորջը տուն է վերադարձել և մի քանի նեյլոնե թել է անցկացրել թիթեղյա տարայի մեջ, ապա այդ տարան հարմարացրել էլեկտրական շաղափիչի վրա և փորձարկել ստեղծվածը այգում։ Գործողության սկզբունքը պարզ էր՝ արագ պտտվող նեյլոնե թելը կտրում էր խոտը:Արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները։ Այդ պահից էլ սկսվել է ժամանակակից տրիմմերների պատմությունը։
Weed Eater Inc. ապրանքանիշը (անգլերենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է «մոլախոտեր ուտող»), որը գյուտարարի կողմից գրանցվել է 1971 թվականին, սկզբում շատ լավ շահույթ է բերել։ Շուկան պատրաստ էր նման տեսակի գյուտի համար, և մարդիկ ուրախ էին իրենց գումարը տալ այն գնելու համար։ Սակայն, չնայած գրանցված արտոնագրին, ժամանակի ընթացքում շուկայում ավելի ու ավելի շատ նմանատիպ «գյուտեր» են հայտնվել, մրցակցությունը մեծացել է։ Եվ Ջորջն ընդունել է Emerson Electric-ի առաջարկը՝ գնել նրա բիզնեսը։ Այժմ «մոլախոտերի ուտող» Weed Eater-ը պատկանում է հայտնի Husqvarna Group-ին և շարունակում է ուրախացնել սպառողներին իր նոր փոփոխություններով։ Ժամանակակից տրիմմերները բաղկացած են ձողից, որի մի ծայրում կա էլեկտրական կամ բենզինային շարժիչ, իսկ մյուսում աշխատանքային գլխիկն է: Բացի շարժիչից (էլեկտրական կամ բենզինային), տրիմմերները տարբերվում են աշխատանքային գլխիկի տեսակով, որի վրա կարող է լինել ձկնորսական նեյլոնե լար կամ շեղբային սկավառակ: Ձկնորսական լարը կարող է լինել կարճ կամ երկար, այն «թաքնվում» է աշխատանքային գլխիկի ներսում և խոտհնձի աշխատանքի ընթացքում բացվում է: Աշխատանքային գլխիկի վրա կարող են տեղադրվել նաև տարատեսակ շեղբային սկավառակներ՝ ավելի կոշտ խոտը հնձելու համար, կամ պլաստիկե սկավառակներ մարգագետինային խոտհնձի համար: Նեյլոնե լարը օգտագործման ժամանակ հաճախ մաշվում և կտրվում է, բացի դա, քարերի և եզրաքարերի հետ շփման ժամանակ կոտրվում են նաև սկավառակները: Դժվար է պատկերացնել այսօրվա աշխարհն առանց տրիմմերների: Տրիմմերի կտրած խոտը միշտ ավելի լավ տեսք ունի, քան այլ խոտհնձիչներով հնձած խոտը: Տրիմմերները կատարելապես հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրը և պահպանում կարգուկանոն բնակելի շենքերի և մասնավոր տների հարակից տարածքներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում