Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից
АналитикаԵկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, հայտարարել են Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ։
Հայտարարության հեղինակներից են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց եկեղեցու անդամներ՝ ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը, Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Դենհամի պրոֆեսոր Լորդ Արա Դարզին, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, շվեյցարահայ գործարար և բարերար Վաչե Գաբրաշը, բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը։ Ի դեպ, նրանցից ոմանց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել։
Գործիչները կոչ են արել եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծել եկեղեցու կառավարման մարմինների միջոցով։ Նրանք նշել են, որ Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները Սփյուռքի հետ։ Նրանք հավելել են՝ ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը։ Երեկ՝ ՔՊ ներքին ընտրություններին մասնակցելուց հետո, Փաշինյանը ճեպազրույց է տվել և հարձակվել այդ գործիչների ու եկեղեցու վրա։ «Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»,– հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով․ «եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։
Նա նշել է, թե տեղեկություն ունի, որ կաթողիկոսությունը ուզում են տեղափոխել, և նամակը ստորագրողներն էլ փորձում են դա կազմակերպել։ «Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը։ Ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են, ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբ, զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները»,– հայտարարել է նա։
Իրինա Մուրադյան