ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին
Аналитика«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի արդյունքները շոկի են մատնել ՔՊ խմբակցության պատգամավորներին և սպառնում են առաջիկայում լուրջ խմորումների առիթ դառնալ։ Հիշեցնենք, ՔՊ կենտրոնական գրասենյակում փետրվարի 13-ից 15-ը կայացել է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ Շուրջ պատվիրակներ այցելել են կուսակցության գրասենյակ և 50-ական թեկնածու ընտրել 274 հոգանոց ցուցակից։ Քվեարկության արդյունքները սկսեցին ամփոփել արդեն ուշ երեկոյան, իսկ կեսգիշերն անց հայտնի էր, թե որ թեկնածուն որքան քվե է ստացել ներկուսակցական ընտրություններում։ Վերջնական ամփոփումից հետո ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։
ՔՊ-ն այսքանով չի բավարարվելու․ առաջին 50 տեղերը զբաղեցրած անձանց համար ևս մեկ ընտրություն կանեն, կորոշեն նրանց տեղերը ցուցակում, նաև վարչապետի թեկնածուին։ Երկրորդ փուլը, ըստ ՔՊ մեր աղբյուրների, տեղի է ունենալու մարտին։ Մեծ հաշվով, ձևավորված ցուցակի առաջին հիսնյակում անակնկալներ չկան՝ մեկ-երկու անուն չհաշված։ Անակնկալները սկսվում են երկրորդ 50-ից սկսած, և բազմաթիվ անհայտ քպականներ ավելի շատ ձայներ են ստացել, քան ԱԺ գործող պատգամավորները։ Արդյունքում ներկայիս մոտ 70 հոգանոց խմբակցությունից երկու տասնյակ անձինք հանգրվանել են 100-ից ցածր համարներում։ Նույնիսկ ՔՊ համար ամենալավատեսական զարգացման դեպքում, եթե Փաշինյանին հաջողվի ոչ միայն հաղթել, այլև սահմանադրական մեծամասնություն ստանալ, իսկ ՔՊ ընտրական ցուցակից 3–4 տասնյակ անձինք տեղափոխվեն գործադիր կամ գնան մասնավոր հատված, գործող պատգամավորները շատերը պարզապես դուրս են մնալու խորհրդարանի կազմից։
Խմբակցությունում շատերը վստահ են, որ ՔՊ պատվիրակների զգալի մասը ընտրություններին մասնակցել է նախապես ստացած հուշաթերթիկներով, ընտրությունն էլ կատարել են հրահանգված, և արդյունքները տարբերվել են նախապես պատկերացրածից։ Նվազ ձայներ ստացածները երեկ, մեր տեղեկություններով, գրեթե խռովություն են բարձրացրել՝ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի հասկանան, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում։
«Քաղպայմանագրում» հասկանում են, որ այդ մարդկանց նեղացնելու դեպքում խնդիրներ կունենան մինչև հունիս, ուստի պետք է փորձեն յուրաքանչյուրի «խաթրն առնել», ինչ-որ պաշտոն կամ աշխատանք խոստանալ, հակառակ պարագայում նրանք կարող են նույնիսկ միանալ Փաշինյանի իմպիչմենթի նախագծին։ Ի դեպ, ընդդիմության համար սա լավ առիթ է՝ այդ նախագիծն առաջ մղելու համար։
Տաթևիկ Բադալյան