Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից
СпортԲրատիսլավայի «Սլովանի» 32-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։
Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։
Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ:
Ձեր՝ Տիգրան Բարսեղյան»,- ասված է Բարսեյանի հայտարարության մեջ:
Տիգրան Բարսեղյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2016 թվականից՝ 64 խաղում խփելով 9 գոլ: