ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում
Аналитика«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դադարում խմորումները խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ էլ լրջորեն քննարկում են 10 մարզերի մարզպետների ստացած քվեների քանակը՝ լուրջ տարօրինակություններ նկատելով։ Ըստ էության, 274 թեկնածուների մեջ մարզպետները բավականին լուրջ արդյունք են ցույց տվել։ Ամենաշատ քվեն ստացել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ 500 ձայն, որին հաջորդում են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը (308), Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը (294)։ Ամենաքիչ թվով ձայներ ստացել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը (177) և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը (132)։
Ընդ որում, Սյունիքի մարզն ամենաշատ թվով պատվիրակներն է ունեցել ընտրություններին, քանի որ ամենաշատ քաղաքները Սյունիքում են, և տեղական կառույցներն էլ ակտիվ մասնակցել են քվեարկության գործընթացին։ Այս հանգամանքը կասկածի տեղիք է տվել, որ որոշ մարզերի ղեկավարներ տարածքային կազմակերպությունների միջոցով ցուցակներ են կազմել և իրենց հարմար թեկնածուներին ձայն առ ձայն տվել, արդյունքում մարզպետներն էլ բավականին լուրջ ցուցանիշներ են արձանագրել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը փորձում է հանգստացնել կուսակցականներին՝ նշելով, որ ընտրություններից հետո, եթե հաջողվի հաղթանակ տանել, բոլոր մարզպետներն էլ վերադառնալու են իրենց մարզեր, իրենց աշխատանքին և, ըստ էության, տեղ են ազատելու այլ թեկնածուների համար, բայց «Քաղպայմանագրում» դեռևս չեն կարողանում մարսել ընտրակեղծիքների այն փունջը, որը հերթական անգամ իրականացվել է կուսակցությունում։
Սոնա Գալստյան