Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Նա, ով մեկ անգամ եղել է Պրահայում, հազիվ թե իրեն թույլ տա Կառլի (Կառլով) կամուրջ չայցելելու «շռայլությունը»: Դա Պրահայի և ամբողջ Չեխիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է, միջնադարյան ճարտարապետության և ճարտարագիտության ակնառու հուշարձան։
Կառլով կամուրջը կապում է Պրահայի Հին քաղաքը և Փոքր քաղաքը։ Դարեր շարունակ այն Պրահայով անցնող Վլտավա գետի վրայի միակ քարե կամուրջն է եղել։ Այն ծառայել է որպես Թագավորական ճանապարհի կարևոր մաս, որով անցել են չեխ թագավորների թագադրման երթերը։ Այսօր այն Պրահայի խորհրդանիշն է՝ հայտնի զբոսաշրջային և մշակութային ժառանգության վայր։
Կառլով կամուրջի շինարարությունն սկսվել է 1357 թվականին՝ Կառլոս IV թագավորի հրամանով։ Ճարտարապետն, ըստ ավանդության, համարվում է Պիտեր Պարլերը։ Կամուրջը կառուցվել է 1342 թվականի ջրհեղեղի հետևանքով ավերված հին Հուդիթ կամրջի տեղում։ Շինարարությունը տևել է ավելի քան 40 տարի և ամբողջությամբ ավարտվել է միայն 15-րդ դարի սկզբին։
Սկզբնապես կոչվելով Քարե կամ Պրահայի կամուրջ՝ այն «Կառլ» անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Կամուրջի երկարությունը մոտավորապես 516 մետր է, լայնությունը՝ 9,5 մետր։ Այն կառուցված է ավազաքարից, ունի 16 կամար, որոնք դիմակայում են Վլտավա գետի ուժեղ հոսանքին։ Կամուրջը պահպանվում է երկու՝ Հին քաղաքի կամրջի և Փոքր քաղաքի կամրջի աշտարակներով: Կամուրջը զարդարված է բարոկկո ոճի 30 քանդակներով (հիմնականում 17- րդ և 18-րդ դարերի)։ Ընդ որում, բնօրինակ քանդակների մեծ մասն այժմ փոխարինվել է պատճեններով, մինչդեռ բնօրինակները պահվում են թանգարաններում։
Կառլի կամրջի դեպքում առկա է կառուցման մեկնարկի կախարդական ամսաթիվ՝ 1357 թվականի հուլիսի 9, ժամը 5:31: Այսինքն, առկա է աստղագուշակների կողմից ընտրված թվային յուրատեսակ հաջորդականություն՝ 1-3-5-7-9-7-5-3-1, որն, ըստ էության, կամրջի ամրությունն ապահովելու համար է արվել։ Ըստ լեգենդի, նաև այն ժամանակ ձվեր էին ավելացնում շաղախին, ընդ որում՝ որոշ քաղաքներ սխալ հասկանալով հրահանգները՝ անգամ խաշած ձվեր էին ուղարկում կամրջի շինարարության համար։ Միջնադարում կամրջի վրա տեղակայված են եղել խանութներ և տներ։ Կամուրջը դիմակայել է բազմաթիվ ջրհեղեղների, այդ թվում՝ 1890 թվականի ավերիչ ջրհեղեղին։ Ներկայում Կառլի կամուրջը հետիոտնային կամուրջ է, և այնտեղ ելույթ են ունենում փողոցային երաժիշտներ և արվեստագետներ։
Այն Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է (Պրահայի պատմական կենտրոնի մի մասն է)։ Կարծիք կա, որ եթե դիպչեք Սուրբ Հովհաննես Նեպոմուցկու բարձրաքանդակին և ցանկություն պահեք, ապա այն կիրականանա։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում