Երևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը
Общество2026 թվականի մարտի 27-28-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, տեղի կունենա MindX միջազգային կրթական համաժողովը, որը կազմակերպում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը։ Համաժողովը միավորում է կրթության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտների ներկայացուցիչներին՝ վերաիմաստավորելու կրթության դերը Հայաստանի ապագայի ձևավորման գործում։
Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը, զարգացնել մրցունակ աշխատուժը և նպաստել տնտեսական աճին։
Համաժողովի հիմնական գաղափարն է՝ կրթությունը միայն մեկ համակարգի պատասխանատվությունը չէ, այլ ամբողջ հասարակության համատեղ առաքելությունը։ MindX-ը նպատակ ունի կրթությունը դարձնել այն տարածքը, որտեղ ձևավորվում են նոր առաջնորդներ, գաղափարներ և գործընկերություններ՝ պատրաստելու հաջորդ սերունդն արագ փոփոխվող աշխատաշուկային։
Հատուկ հյուրեր և խոսնակներ
MindX 2026-ի շրջանակում ելույթներով հանդես կգան միջազգային և տեղական հեղինակավոր խոսնակներ, այդ թվում՝
- Ժաննա Անդրեասյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- Ռենատա Լեմոս՝ Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի ավագ տնտեսագետ
- Անդրեաս Շլայխեր՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կրթության և հմտությունների վարչության տնօրեն
- Մարի Լու Փափազյան – ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր
Համաժողովի ընթացքում նախատեսված են զեկույցներ, պանելային քննարկումներ, կրեատիվ ելույթներ և համագործակցային ձևաչափեր, որոնք կանդրադառնան կրթության ապագային, արհեստական բանականության և տվյալների դերին ուսուցման մեջ, ինչպես նաև կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության միջև կապերի խորացմանը։
Համաժողովի առաջին օրը կկենտրոնանա կրթության արժեքային և մարդակենտրոն հիմքերի վրա, իսկ երկրորդ օրը՝ համակարգային փոփոխությունների և համագործակցության հնարավորությունների վրա։
MindX-ը նպատակ ունի դառնալ այն հարթակը, որտեղ կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը միավորվում են՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար և տեխնոլոգիական ապագայի ձևավորմանը։
Մասնակցությունը համաժողովին բաց է, սակայն անհրաժեշտ է նախնական գրանցում https://www.mindxforum.am/ կայքում։