Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկեր
Культура2026թ․ մարտի 26-ից ապրիլի 4-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնում է բացառիկ կրթամշակութային նախագիծ՝ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը, որը դառնալու դասական երաժշտության ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը Հայաստանում։
Ակադեմիա-փառատոնը առանձնանում է կարևոր համագործակցությամբ․ Երևանի քաղաքապետարանը միացել է նախագծին՝ որպես գլխավոր գործընկեր՝ իր աջակցությամբ նպաստելով ծրագրի առավել լայն հասանելիությանը երիտասարդ երաժիշտների համար։
Ակադեմիային ակտիվ մասնակցություն կունենան «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման 2025թ․ ծրագրի կրթաթոշակառուները և մասնակիցները, ինչպես նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները, իսկ Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 70 սաներ հնարավորություն կունենան անվճար մասնակցել ակադեմիա-փառատոնին՝ ներգրավվելով բարձրակարգ կրթական միջավայրում և աշխատելով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ։
Ակադեմիա-փառատոնին կարող են մասնակցել պատանի երաժիշտներ՝ հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, սաքսոֆոն, հարվածային գործիքներ (նվագախմբային հարվածային դասական գործիքներ) և դաշնամուր։ Յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել առավելագույնը 3 աշակերտ՝ 3 տարբեր մասնագիտություններով՝ ներկայացնելով դպրոցի կողմից իր մասնակցությունը հավաստող երաշխավորագիր նամակ մինչև մարտի 23։
Ակադեմիայի վարպետության դասերին պասիվ մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերի մեկնարկին ընդառաջ)։
Ակադեմիայի շրջանակում հարյուրից ավելի տաղանդավոր պատանի երաժիշտներ հնարավորություն կունենան վարպետության դասեր ստանալ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 20 անվանի արտիստների և պրոֆեսորների կողմից։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 350 ինտենսիվ վարպետության դասեր, ինչպես նաև պանելային քննարկումներ, որոնք կդառնան ստեղծագործական համագործակցության և գիտելիքի ընդլայնման կարևոր հարթակներ։
Փառատոնի շրջանակում տեղի կունենան նաև դասական համերգներ՝ դասավանդող երաժիշտների և ակադեմիայի մասնակիցների մասնակցությամբ՝ վերածելով Երևանը դասական երաժշտության կենդանի կենտրոնի։
«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը կյանքի է կոչվում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի սերտ համագործակցության շնորհիվ՝ միավորելով ջանքերը մեկ կարևոր նպատակի շուրջ՝ զարգացնել երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժը և ապահովել նրանց համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հնարավորություններ։
Այս համագործակցությունը ընդլայնում է պատանի երաժիշտների կրթական հնարավորությունները, ինչպես նաև հանդիսանում է երկարաժամկետ ներդրում Երևանի մշակութային կյանքի զարգացման մեջ՝ ձևավորելով միջավայր, որտեղ արվեստը, կրթությունն ու հանրային աջակցությունը միահյուսվում են՝ ստեղծելով կայուն և ազդեցիկ արդյունք։