Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը»
АналитикаՄինչ ընդդիմադիր միավորները խորհրդարանական ընտրությունների ցուցակներ են ներկայացնում, քարոզարշավ իրականացնում՝ փորձելով իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին, վերջինս Արևմուտքի դրդմամբ, խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ փորձում է գողանալ հայ ընտրողի քվեն։ Իսկ դրա համար գործի է դրվելու այսպես կոչված «մոլդովական սցենարը», երբ ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր կուսակցություններին պարզապես արգելում են մասնակցել ընտրություններին կամ հանում են ընտրապայքարից։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործող իշխանություններն այս հարցում էլ բավականին ուշագրավ մարտավարություն են որդեգրել։ Այդ ամենը փորձում են իրականացնել ոչ թե իրենց կատարմամբ, այլ այսպես կոչված քաղհասարակության ձեռքով։ Խորհրդավորության շղարշ հաղորդելով՝ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, թե արժանահավատ տեղեկություններ ունեն իբր ընդդիմադիր ուժերի կողմից կատարվող իրավախախտումների մասին։
Ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը այդ մասին հայտարարել է՝ նշելով․ «Ինչպե՞ս ենք վարվելու, կիմանաք», ըստ էության բացահայտելով, որ ինչ-որ դավադրություն է նյութվում։ Մեր աղբյուրը փոխանցեց, որ Փաշինյանը հանձնարարական է տվել այդ ուժերին՝ տարբեր նամակներ գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավապահ մարմիններին՝ ընդդիմադիր ուժերի գրանցումները չեղյալ հայտարարելու պահանջներով։ Ու հանձնարարական է իջեցված նաև Քննչական կոմիտեին, Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը՝ ուշադիր քրքրել ընդդիմադիր կուսակցությունների ընտրական ցուցակները, գտնել անհամապատասխանություններ և այդ հիմքով քրեական վարույթներ նախաձեռնել։
Վերջին օրերին հենց իրավապահ համակարգը դրանով էլ զբաղված է։ Արևմտամետ կուսակցությունները ևս վերցրել են էստաֆետը Փաշինյանի ձեռքից, և առաջիկայում լուրջ արշավ է սպասվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ՝ հաստիքային արևմտամետների կողմից։
Մոնիկա Կիրակոսյան