Ի՞նչ կապ ունի «չորս» թիվը տետրի հետ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Թե ինչ է տետրը, բնականաբար, որևէ մեկին բացատրելու կարիք չկա: Բոլորը դեռ մանկուց են ծանոթանում դրան: Հազիվ թե քաղաքակիրթ աշխարհում գտնվի այնպիսի մեկը, որը երբևէ տետր չի տեսել: Սակայն, միևնույն ժամանակ, հետաքրքիր է, թե երբ են հայտնվել առաջին տետրերը, ինչ տեսք են ունեցել և ով է հորինել այն: Տետր բառի հիմքը հունական tetra՝ «չորս» բառն է: Իսկ ինչո՞ւ հենց չորս, այլ ոչ թե հինգ, ութ կամ, ասենք, 12: Այս բառի առաջացման մի քանի վարկած գոյություն ունի:
Սկսենք նրանից, որ հենց «4» թիվն է Հին Հունաստանում համարվել սուրբ թիվ: «Չորս» թիվը նշանակել է կատարելություն, ամբողջականություն, առատություն: Աշխարհը ունի չորս կողմ, տարին ունի չորս եղանակ, քառակուսու չորս կողմերը ներդաշնակ համամասնություն են, չորսը պյութագորացիների երդման թիվն է, երկիրը կազմված է չորս տարրից՝ հող, ջուր, օդ և կրակ, և այլն:
Հին դարերում գրքերը ստեղծվել են փայտե կամ կավե բարակ սալերից: Դրանք շատ թանկ են եղել, ուստի դրանց օգտագործման հեշտության համար բաժանել են չորս մասի: Գրքի չորս մասից յուրաքանչյուրը կոչվել է քառորդ: Այս մոտեցումը իսկապես հարմար է եղել, քանի որ անձնական օգտագործման գրքեր կարող էին ունենալ միայն շատ հարուստ մարդիկ: Բոլոր գրքերը պահվում էին քաղաքային և պետական գրադարաններում, և անհրաժեշտություն չկար ամբողջական գիրքը վերցնել կարդալու համար, կարելի էր հերթով վերցնել քառորդները:
Կա ևս մեկ վարկած, որ հնագույն արտադրության «տետրը» ավելի շատ կապ ունի բոլորիս ներկայում ծանոթ տետրի հետ: Նման տետր հայտնաբերվել է պեղումների ժամանակ, որի մեջ սովորողի կողմից խնամքով գրված է ուսանելի ասացվածք. «Եղի՛ր ջանասեր տղա, որպեսզի չծեծվես»: Այդ հնագույն տետրը եղել է իրար միացած չորս բարակ տախտակ, որոնք ծածկված են եղել մոմի բարակ շերտով: Նրա վրա գրել են սրված փայտի կտորով: Հավանաբար, հենց այդպիսի չորս փայտե տախտակից ստեղծված տետրն է լավագույնը եղել իր քաշի և հաստության տեսակետից և, քանի որ ունեցել է չորս տախտակ, կոչվել է tetra՝ տետր:
Ներկայացնենք նաև տետր բառի ծագման վերջին տարբերակը: Մարդկությունը զարգացել է, և պապիրուսն է փոխարինելու եկել կավե սալիկներին ու փայտե տախտակներին: Եկել է պապիրուսե փաթույթների ժամանակը: Պապիրուսը, ինչպես գրելու նախորդ նյութերը, էժան չի եղել, բացի դա, այն ծալվելիս փշրվում և փչանում էր: Եթե պապիրուսի վրա գրված գիտական աշխատությունը կամ պատմությունը երկար էր, երկար էր նաև պապիրուսը: Իսկ նման պապիրուսե «փաթույթում» պահանջվող հատվածի որոնումը, մեղմ ասած, անհարմար էր: Որոշ ժամանակ անց հայտնվել է պապիրուսի փոխարինիչը՝ մագաղաթը: Ալեքսանդր Մակեդոնացու՝ Փոքր Ասիա արշավից հետո, ավելի ճիշտ՝ Պերգամոն քաղաք այցելելուց հետո հույները սովորել են կենդանիների կաշվից մագաղաթ ստանալու տեխնոլոգիան: Ըստ հունական ավանդության, այն ստեղծվել է հենց Պերգամոն քաղաքում՝ թագավոր Եվմենես 2-րդի օրոք։ Քաղաքի անունով էլ այն կոչվել է պերգամենտ, իսկ հայերեն՝ մագաղաթ։
Մագաղաթի որակը պապիրուսից ավելի լավն է եղել: Մագաղաթը չի փշրվում պապիրուսի պես: Սկզբում տեքստեր գրելու համար հույները շարունակել են մագաղաթի ավելորդ հատվածները կտրելով՝ փաթույթներ պատրաստել: Հետո նրանք նկատել են, որ չափազանց շատ թափոններ են առաջանում, իսկ պատրաստի մագաղաթի արժեքը ևս էժան չի եղել: Պետք էր խնայել: Այնուհետև մի պայծառ միտք է ծագել ինչ-որ մեկի գլխում՝ մագաղաթի թերթիկներ պատրաստել և ամրացնել դրանք: Պարզվել է, որ մեկ մագաղաթից կարելի է չորս լիարժեք թերթիկ ստանալ և այս արտադրանքը անվանվել է «տետր»: Եթե անհրաժեշտ է եղել ավելի մեծ թվով թերթեր, ապա մի քանի տետրեր կարվել են միմյանց, և ստացվել է արդեն իսկ ժամանակակից կառուցվածքի տետր: Դարեր են անցել, և մարդիկ սովորել են թուղթ պատրաստել, որը վերջնականապես փոխարինել է պապիրուսին և մագաղաթին:
Ժամանակակից տետրի կառուցվածքը բավականին պարզ է: Ներքին թերթերը վնասվածքներից և կեղտոտվելուց պաշտպանելու համար յուրաքանչյուր տետր ունի կազմ, որը սովորաբար ավելի կոշտ ստվարաթղթից է:
Տետրի թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով։ Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով։ Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարույրաձև մետաղալարով ամրացնելու համար։ Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար։ Տետրերն ունենում են տարբեր քանակի թերթեր՝ 12, 18, 24, 48, 96 և այլն։ Դա կապված է տպագրական «մամուլի» հետ, քանի որ մեկ «մամուլը» A4 ֆորմատի 16 էջն է կամ 8 թերթը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում