Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին
БлогՀայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ
Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին
«Մեծարգո' նախագահող, հարգելի գործընկերներ
Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին։ Խորին հարգանքով այդ հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ՝ իմ ելույթի առանցքում կլինեն հայերը, քանի որ այսօր՝ Ապրիլի 24-ին, լրանում է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը, և որովհետև իմ հայրենակիցներն են պատվիրակել է ինձ դա:
Ես ո'չ առաջին և, միանշանակ, ո'չ վերջին պատգամավորն եմ, ով այս դահլիճում խոսում է Հայոց Ցեղասպանության մասին։ Ոմանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, թե այս թեման չափազանց հաճախ է քննարկվում այստեղ. այո', 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայ է սպանվել, այո', դա կոտորած էր, ողբերգություն, բայց իրողություն, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ։ Ի՞նչ կարելի է հիմա անել։ Այսօր դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները կանխելու նման հանցագործությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմներ։
Դուք չարաչար սխալվում եք, հարգելի’ գործընկերներ։
2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։ Ոմանք կարող են պնդել, թե սա իրենց ընտրությունը կամ որոշումն էր։ Թույլ տվեք ինձ ներկայացնել մի փաստ, որը կապացուցի հակառակը. ավելի քան 60 մարդ մահացել է դեպի Հայաստան տանող ճանապարհին։ Այո', 21-րդ դարում Եվրոպայում ավելի քան 60 մարդ մահացել է՝ փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Սա բնավ հնարավոր չէ բնութագրել որպես «ընտրություն կամ որոշում»։
Միջազգային հանրությունը կարող է արձագանքել՝ վկայակոչելով, որ առկա են նման գործողությունները դատապարտող ընդունված բանաձևեր։ Իսկապես, մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, արել են դա, որի համար մենք շնորհակալ ենք։ Իսկ ի՞նչ, եթե ես ձեզ ասեմ, որ հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է, որը հիմնովին ոչնչացվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։
Դուք կարող եք ինձ հարց հղել, թե ինչու չեմ տրամադրում ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։ Պատասխանը պարզ է. միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելությանը մուտք գործել տարածք։
Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս ԵԽԽՎ անդամության ընթացքում։ Չկա մեզ արդարացում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհայտ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը։
Եվ, չնայած այս բոլոր ողբերգությունների հանդեպ աշխարհի անտարբերությանը, ես կանգնած եմ այստեղ՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում՝ ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ՝ ԵՍ ՈՂՋ ԵՄ։ »