«Նաիրիտի» սեփականատերը պարտավոր է վճարել չվճարված աշխատավարձերը
Блог
Հարկ է նշել, որ «Նաիրիտը» 2010թ-ից չի գործում և հսկայական պարտքեր է կուտակել: Պարտքերը գոյացել են ինչպես գործարանի պարապուրդի ժամանակ, այնպես էլ՝ 2010թ-ից առաջ, երբ գործարանը աշխատում էր: Այժմ «Նաիրիտն» ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք:
Չնայած այն հանգամանքին, որ գործարանը չի աշխատում և կուտակել է հսկայական չափի պարտք, աշխատակիցները ամիսներ շարունակ ստացել են իրենց աշխատավարձերը: Աշխատավարձերի վճարումը իրականացրել է կառավարությունը՝ այլ հարկատուների հաշվին, այն պայմաններում, երբ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, և միայն 10 տոկոսն է պատկանում կառավարությանը:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է կառավարությունը վճարի պարապուրդում գտնվող գործարանի աշխատակիցներին, երբ գործարանի բաժնետոմսերի առյուծի բաժինը պատկանում է այլ սեփականատիրոջ: Աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար, ինչը փոքր գումար չէ ոչ մեծ բյուջե ունեցող մեր երկրի համար:
Հասկանալի է, որ կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ գործարանը աշխատի, աշխատակիցները աշխատանք ունենան և ստանան իրենց աշխատավարձերը, քանի որ դրանով լուծվում է ինչպես գործազրկության, այնպես էլ՝ սոցիալական հարցեր, սակայն կառավարությունը ի վիճակի չէ ամբողջ բեռը իր վրա վերցնել:
Մյուս կողմից, հասկանալի է, որ մարդկանց համար միակ հենվելու տեղը կառավարարությունն է, բայց մասնավոր հիմնարկի աշխատողներին աշխատավարձեր վճարելու պարտավորությունն առաջին հերթին պատկանում է մասնավոր սեփականատիրոջը, որն այս ամբողջ ընթացքում մի կողմ է քաշվել ու կոնկրետ չի արտահայտել իր դիրքորքշումը այն մասին, թե ի՞նչ է մտածում «Նաիրիտի» ապագայի մասին, ե՞րբ է մարելու պարտքերը:
Եթե սեփականատերը հրաժարվում է վճարել գործարանի աշխատակիցներին, ապա անհրաժեշտ է, որ գործարանի աշխատակիցները իրավական միջոցների դիմեն իրենց աշխատավարձները գործարանի սեփականատերերից ստանալու համար: Կառավարությունն իր հերթին պետք է բռնի սեփականատիրոջ ականջներից` ստիպելով կատարել իր պարտավորությունները, անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև դատական ատյանները:
Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը