Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
СпортՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Չուկարիչկիի» նկատմամբ:
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով շատ ակտիվ հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպումը մեկնարկեց հյուրերի ակտիվ գրոհներով, և արդեն 11-րդ րոպեին Թիկնիզյանի՝ եզրային նետումից խաղարկած գնդակից հետո վտանգավոր պահ ստեղծվեց մրցակցի դարպասի մոտ։ Իսկ հանդիպման 27-րդ րոպեին հայ պաշտպանն անմիջական մասնակցություն ունեցավ խփված գոլին: Ձախ եզրում ստանալով Լուչիչի փոխանցումը՝ Թիկնիզյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Բրունո Դուարտեին, ով 8 մետրից անվրեպ հարվածով բացեց հաշիվը:
Ընդամենը 5 րոպե անց «Ցրվենա Զվեզդան» կրկնապատկեց իր առավելությունը. Դուարտեն վստահորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ։
Դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 37-րդ րոպեին՝ Սիսոկոյի խփած գնդակի շնորհիվ: Առաջին խաղակեսի վերջնամասում (45′) «Չուկարիչկին» մնաց տասը հոգով. գլխավոր մրցավարը ուղիղ կարմիր քարտով հեռացրեց Մաիգային:
Երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին ևս մի քանի հարյուրտոկոսանոց գոլային պահեր, սակայն հաշիվն այլևս չփոխվեց: Նաիր Թիկնիզյանը, ով հուսալի էր ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջևի գծում, փոխարինվեց 70-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Ավդիչին: