Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը
АналитикаԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներն այսօր կքննարկեն միությանը Հայաստանի շարունակական մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մինչ այդ Մոսկվան ամենաբարձր՝ նախագահ Պուտինի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ «Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների»,- օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Երևանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռի վրա։ Մինչդեռ նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել էր Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում։ Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել էր Ռուսաստանի փոխվարչապետը։
Այս ֆոնին ՀՀ իշխանությունները, առաջին տպավորությամբ, նվազեցրել են հակառուսականության դոզան, նաև փորձում են մեղմել Մոսկվայի զայրույթը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունի վստահելի հարաբերություններ։ «Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ։ Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում տրանսֆորմացիայի փուլում են։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, թե Հայաստանն իր տոնը չի բարձրացնելու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Մենք շարունակելու ենք հանգիստ, հանդարտ տոնով, որը կա, ով որտեղից ինչ տոն բարձրացնի, ինչ անի, մենք չենք պատրաստվում տոները փոխել»,- ասել է Հարությունյանը։ Արդյոք սա վախի դրսևորո՞ւմ է, թե՞ ընտրություններից առաջ փորձում են մեղմել իրավիճակը, բարդ է ասել։ Ամեն դեպքում, որոշակի փոփոխություն կա, որը դեռ վաղ է խիստ դրական գնահատել։
Աննա Մարգարյան