Ի՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Սրտի զարկերի մոնիտորը (HRM) անհատական մոնիտորինգի սարք է, որը թույլ է տալիս չափել, ցուցադրել և գրանցել սրտի զարկերը իրական ժամանակում հետագա ուսումնասիրության համար: Այն լայնորեն օգտագործվում է տարբեր տեսակի վարժությունների ժամանակ սրտի հաճախության տվյալներ հավաքելու համար:
Նշենք, որ սրտային հիվանդությունները և՛ տղամարդկանց, և՛ կանանց մահվան հիմնական պատճառն են, իսկ դրանց ամենատարածված տեսակը կորոնար հիվանդությունն է (CAD), որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի:
Գյուտարարներ Նորման Հոլթերի և Բրյուս դել Մարի աշխատանքի շնորհիվ է հայտնագործվել նման ախտորոշիչ գործիքը, որը թույլ է տալիս վերահսկել սրտի աշխատանքը և արագ արձագանքել փոփոխություններին:
Նորման Ջեֆրի Հոլթերը՝ ծնունդով ԱՄՆ Մոնտանայից, կենսաֆիզիկոս էր, որի հետաքրքրությունները միայն ֆիզիկայով չէին սահմանափակվում: Նրա նպատակն էր մարդկանց բնականոն ակտիվ գործունեության ընթացքում իրականացնել էլեկտրաֆիզիոլոգիական երևույթների գրանցում և ռադիոհաղորդում:
Ռադիոէլեկտրակարդիոգրաֆիայի (RECG) առաջին գրանցումը և փոխանցումը տեղի է ունեցել 1947 թվականին։ Հեծանիվ վարելիս է փորձն արվել, ընդ որում՝ դա անելու համար Հոլթերը ստիպված էր մեջքին կրել մոտավորապես 40 կգ կշռող սարքավորումներ։ Այդ ծանր սարքը թեև պրակտիկ չէր, բայց մեծ առաջընթաց էր, քանի որ մինչ այդ մարդու սրտի աշխատանքը ստուգելու համար նա պետք է գտնվեր հանգստի վիճակում, այսինքն՝ պարզապես պառկած լիներ: Ներդրումը արմատական էր և սկիզբ դրեց այն դարաշրջանին, երբ հնարավոր դարձավ ԷՍԳ օգտագործել դահուկորդների, սքայդայվերների, վազորդների և գործնականում ցանկացած այլ տեսակի ֆիզիկական ակտիվություն ունեցողների համար:
Հոլթերի հաջորդ քայլը սարքի ծավալները կրճատելն էր մինչև ծխախոտի տուփի չափի: Տրանզիստորների հայտնվելով՝ հնարավոր դարձավ այն տեղադրել վերարկուի գրպանում, իսկ ակտիվության պարամետրերն արձանագրել մագնիսական ժապավենի վրա:
Նման սարքերի մեծ պահանջարկ կար, և Հոլթերն սկսեց գործընկեր փնտրել իր մոնիտորը զանգվածաբար արտադրելու համար: Վերջապես 1962 թվականին նա հանդիպեց համապատասխան թեկնածուի՝ Բրյուս դել Մարին: Վերջինիս դերը հատկապես կարևոր է եղել, քանի որ նրա աշխատանքը խթանել է ախտորոշիչ սարքավորումների մի ամբողջ արդյունաբերության զարգացումը: Նրանց երկու տասնամյակի համագործակցությունը հանգեցրեց առևտրային առումով կենսունակ սրտի մոնիտորի հայտնվելուն, որը հայտնի է որպես Holter մոնիտոր՝ շարժական սարք 24-ժամյա ռեժիմով սրտի գործունեության շարունակական մոնիտորինգի համար: Մոնիտորը գրանցում էր էլեկտրական ազդանշանները սրտից, որոնք ուղարկվում էին կրծքավանդակին ամրացված մի շարք էլեկտրոդների միջոցով: Այնուհետև տվյալները վերլուծվում էին սրտի զարկերի և ռիթմերի տարբեր տեսակների համար:
1965 թվականին է Հոլթերը ստացել էլեկտրակարդիոգրաֆիկ սարքերի ԱՄՆ արտոնագիր և ավելի քան 40 տարի Հոլթերի մոնիտորինգի տեխնոլոգիայի ճանաչված առաջատարն էր: Անալոգային ազդանշանի վերածումը թվային ձևաչափի բեկումնային պահ էր 80-ականներին Holter տեխնոլոգիայի զարգացման գործում: Տրանզիստորները փոխարինվեցին միկրոսխեմաներով, իսկ մագնիսական ժապավենները՝ հիշողության այլ սարքերով։ 1977 թվականին է հայտնագործվել առաջին անլար մոնիտորը։ Նոր սարքի կոմպակտությունն ու ֆունկցիոնալությունը նպաստել են դրա լայն տարածմանը պրոֆեսիոնալ սպորտի և այլ միջավայրերում: Հետո 1990-ականներին անհատական համակարգիչների զարգացումը փոխեց ողջ Holter տեխնոլոգիան ապարատային բիզնես մոդելից դեպի համակարգչային ծրագրային ապահովման արդյունաբերություն:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում