«Փոքր Մհեր»․ տարածաշրջանի առաջին AI անիմացիոն լիամետրաժ ֆիլմը
КультураՀայկական անիմացիոն աշխարհում նոր էջ է բացվում․ մայիսի 31-ին տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին լիամետրաժ AI անիմացիոն մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի մեծ պրեմիերան։ Նորարարական այս նախագիծը հիմնված է հայկական «Սասնա ծռեր» էպոսի վրա, սակայն ներկայացվում է ժամանակակից և յուրօրինակ մեկնաբանությամբ։
Ֆիլմի կենտրոնում Փոքր Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մեր օրերի հայկական գյուղում։ Նոր աշխարհը նրա համար լի է անակնկալներով, անհասկանալի երևույթներով ու զվարճալի իրավիճակներով, սակայն Մհերը մնում է նույն ուժեղ, արդար ու սկզբունքային հերոսը, որին ճանաչում ենք էպոսից։
Մուլտֆիլմը նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Փոքրերի համար այն լի է արկածներով, հումորով և վառ տեսարաններով, իսկ մեծերին փոխանցում է ավելի խորքային գաղափարներ՝ ինքնության պահպանման, ընկերասիրության, արժեքներին հավատարիմ մնալու և ժամանակի փոփոխություններին դիմակայելու մասին։
«Փոքր Մհեր»-ը հնչյունավորվել է հայկական կինոյի և թատրոնի հայտնի դերասանների մասնակցությամբ։ Պատմիչի ձայնը պատկանում է Խորեն Լևոնյանին, իսկ հերոսներին ձայնավորել են Սոս Ջանիբեկյանը, Հարություն Խաչատրյանը, Բոնին, Արուս Տիգրանյանը, Արևիկ Գևորգյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Հակոբյանը, Արեգ Գևորգյանը և Վահագն Գասպարյանը։
Նախագծի բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը Հովհաննես Մարգարյանն է։ Սցենարի հեղինակներն են Հովհաննես Մարգարյանը, Խորեն Թևանյանը և Արտուշ Գևորգյանը։ Ստեղծագործական մեծ թիմի աշխատանքի շնորհիվ հայկական էպոսը ստացել է ժամանակակից, դինամիկ և միջազգային հանդիսատեսի համար հասկանալի ձևաչափ։
Մուլտֆիլմի գլխավոր առանձնահատկությունը դրա ստեղծման տեխնոլոգիական մոտեցումն է։ Ի տարբերություն դասական անիմացիայի՝ այստեղ կիրառվել են արհեստական բանականության վերջին գործիքները։ Կերպարների և միջավայրերի նախնական գեղարվեստական լուծումները ստեղծվել են նկարիչների կողմից, իսկ դրանց շարժումը, վիզուալ զարգացումն ու վերջնական տեսքը մշակվել են AI տեխնոլոգիաների միջոցով։ Սա հնարավորություն է տվել արտադրական գործընթացը իրականացնել մի քանի անգամ ավելի արագ՝ միաժամանակ պահպանելով բարձր որակը։
Սակայն ստեղծագործական թիմը հատուկ ընդգծում է՝ արհեստական բանականությունը չի փոխարինում արվեստագետներին։ Այն պարզապես նոր գործիք է, որը օգնում է ավելի լայն հնարավորություններ ստեղծել հայկական անիմացիայի համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ազգային ու մշակութային ճշգրտությանը։ Մհերի կերպարը ստեղծվել է բացառապես հայկական շեշտադրումներով՝ բացառելով այլ մշակույթներին բնորոշ տարրերը։ Յուրաքանչյուր դետալ մտածված է այնպես, որ հերոսը պահպանի իր հայկական ինքնությունը մինչև վերջին կադրը։
Մուլտֆիլմի երաժշտությունը ևս ստեղծվել է ոչ թե AI-ի, այլ երաժիշտների կողմից, ինչը ֆիլմին հաղորդում է ավելի կենդանի և զգացմունքային մթնոլորտ։
«Փոքր Մհեր»-ի հեղինակները նախատեսում են նախագիծը ներկայացնել նաև միջազգային հարթակներում՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով։ Թեև պատմության հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ հասկանալի և հետաքրքիր լինի նաև արտասահմանյան հանդիսատեսի համար։
Հունիսի 1-ից «Փոքր Մհեր»-ը մեծ էկրաններին է Հայաստանի բոլոր կինոթատրոններում՝ հանդիսատեսին առաջարկելով հայկական մշակույթի ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ ստեղծված բացառիկ կինոարկած։
Նախագիծը ներկայացնում է «485» գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնը։ Անվանումը խորհրդանշական է․ 485-ը Հայաստանի միջազգային շտրիխ կոդի առաջին թվերն են, որոնցով աշխարհը ճանաչում է հայկական արտադրանքը։ Կենտրոնի նպատակը հայկական ինքնությունը, ստեղծարարությունը և նորարարական տեխնոլոգիաները մեկ գաղափարի շուրջ միավորելն է։
Մարինա Ալեքսանյան