Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
ОбществоՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
2025 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը լեհական «Enigma» ընկերության հետ պայմանագիր է կնքել 2 հազար հսկիչ թևնոց մատակարարելու մասին՝ տնային կալանքի և վարչական հսկողության համար (երբ անձին արգելվում է որոշակի ժամերի դուրս գալ տնից և այցելել որոշակի վայրեր)։
Այսօրվա որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից կպատվիրի ևս 100 թևնոց վարչական հսկողության համար, 300 թևնոց՝ տնային կալանքի համար։ Այդ նպատակով նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել մոտ 330 մլն դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել է քրեական գործերով անցնող անձանց համար այլընտրանքային խափանման միջոցների պրակտիկան։ Մասնավորապես 2025 թվականին տնային կալանք կամ վարչական հսկողություն է կիրառվել 3 692 անձի նկատմամբ։ Սա 70 տոկոսով շատ է 2024 թվականի ցուցանիշից։