Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկնաքեր շենքերի նվազագույն բարձրության որոշումը հակասական է: ԱՄՆ-ում և Եվրոպայում սովորաբար երկնաքեր համարվում են առնվազն 150 մ բարձրություն ունեցող շենքերը: Emporis-ը երկնաքեր է համարում 100 մետրից բարձր շենքը՝ ի տարբերություն պարզապես բարձրահարկ շենքերի (35-ից 100 մետր), իսկ SkyscraperCity-ն՝ 200 մետր և ավելի բարձրություն ունեցող շենքը: 300 մ բարձրությունից ավելի երկնաքերերն անվանվում են գերբարձր, իսկ 600 մ-ից ավելին՝ մեգաբարձր (անգլերեն megatall):
Մինչև 20-րդ դարը վեց հարկից ավելի բարձրությամբ շենքեր հազվադեպ էին կառուցվում։ Դա պայմանավորված էր աստիճաններով մեծ բարձունքներ բարձրանալու անհարմարությամբ: Բացի այդ, այն ժամանակ օգտագործվող ջրի պոմպերը թույլ էին տալիս ջուրը բարձրացնել 10 մ-ից ոչ ավելի: Պողպատի, երկաթբետոնի և ջրի ճնշման պոմպերի տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև անվտանգ վերելակների հայտնագործումը հնարավորություն տվեցին տասնյակ անգամ բարձրացնել շենքերի բարձրությունը, ինչը հատկապես պահանջված էր մեգապոլիսներում, որտեղ հողատարածքի արժեքը շատ բարձր էր։
Թեև մարդկության հին պատմության մեջ կառուցվել են բազմահարկ (ներառյալ՝ նեղ) շենքեր և նույնիսկ ամբողջ քաղաքներ (օրինակ՝ Եմենի Շիբամը, Իտալիայի Սան Ջիմինյանոն), սակայն առաջին երկնաքեր է համարվում 1885 թվականին Չիկագոյում կառուցված ապահովագրական ընկերության շենքը (Home Insurance Building ), որը գոյություն է ունեցել մինչև 1931 թվականը։ Այն ի սկզբանե ուներ ընդամենը 10 հարկ և 42 մ բարձրություն, ավելի ուշ՝ 1891 թվականին, ավելացվել է ևս երկու հարկ, և շենքի բարձրությունը հասել է 54,9 մ-ի։
Կա մի տարր, առանց որի անհնար է պատկերացնել երկնաքերը, և դա վերելակն է։ Գրասենյակային շենքերի առաջին վերելակները հայտնվել են դեռ 1870 թվականին Նյու Յորքի Equitable Life շենքում: Սկզբում վերելակները հիդրավլիկ մեխանիզմով էին, որը սահմանափակում էր շենքի բարձրությունը քսան հարկով: 1903 թվականին Օտիսը մշակել է էլեկտրական էներգիայով աշխատող վերելակ, որի դեպքում դեպի վեր բարձրացող խցիկի քաշը մասամբ հավասարակշռվում էր իջնողի քաշով: Այդ նորամուծության արդյունքում էլ հանվել են բարձրության սահմանափակումները։
Սկզբում երկնաքերերի կառուցման առաջնայնությունը պատկանում էր Չիկագոյին, սակայն 1893 թվականին այնտեղ արգելվեց 39 մ-ից բարձր շենքեր կառուցել, և երկնաքերերի հետագա զարգացումը տեղի ունեցավ Նյու Յորքում։
Գրեթե երկու դար առաջ բազմահարկ շենքերի շինարարական տեխնոլոգիաները ենթադրում էին, որ շենքի արտաքին պատերը պետք է կրեն շենքի ընդհանուր քաշը: Բայց ճարտարապետ Ֆուլլուրը նոր գաղափար առաջարկեց: Նա սկսեց պողպատե կարկասներ ստեղծել շենքի ներսում, որի արդյունքում շենքի ծանրաբեռնվածությունը արդեն չէր ընկնում արտաքին պատերի վրա: Այդ նորամուծությունը նա օգտագործեց Տակոմա երկնաքերի կառուցման ժամանակ։ Այս ամենի արդյունքում ամբողջ աշխարհում սկսվեց մրցավազք ամենաբարձր երկնաքերի կառուցման հարցում: Ինչ-որ մեկը ռեկորդ է խփում, բայց դա երկար չի տևում...
Այս պահին աշխարհի ամենաբարձր երկնաքերը Դուբայում (ԱՄԷ) գտնվող Բուրջ Խալիֆան է, թեպետ շուտով այս ռեկորդն էլ կարող է գերազանցվել, քանի որ Սաուդյան Արաբիայում կառուցվում է Jeddah Tower-ը, որն, ըստ տարբեր աղբյուրների, կարող է անցնել... 1 կմ բարձրության սահմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում