«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանին
КультураՍեպտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Մի գդալ սեր» հայկական նոր ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացվել է Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքի արդյունքում՝ Ազգային կինոֆոնդի աջակցությամբ։ Նույն օրվանից այն հասանելի է նաև հանրապետության կինոթատրոններում։
Ֆիլմի ռեժիսորը և սցենարի համահեղինակն է Հրաչ Քեշիշյանը, իսկ սցենարի մյուս հեղինակը՝ Արտակ Ալեքսանյանը։ Ֆիլմի հիմքում Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գիրքն է, որի մոտիվներով հեղինակները ստեղծել են կինոպատմությունը։ «Մի գդալ սեր»-ը Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ աշխատանքն է։
Գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Մարջան Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը և այլ դերասաններ։ Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ դերասանական կազմի ձևավորման հարցում կարևոր է եղել ստեղծագործական վստահությունը, իսկ որոշ դերասաններ համաձայնել են մասնակցել նախագծին՝ նույնիսկ նախապես չծանոթանալով մանրամասներին։
Ֆիլմի առանձնահատկություններից է նաև երաժշտական ձևավորումը։ Սաունդթրեքում տեղ է գտել Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի անվանումն էլ դարձել է ֆիլմի վերնագրի հիմքը։ Ֆիլմում հնչում է նաև Kami Friends-ի կատարած քավեր տարբերակը, ինչպես նաև Իվետա Մուկուչյանի «On My Mind» երգը, Արսեն Գրիգորյանի ստեղծագործությունը և այլ երաժշտական աշխատանքներ։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Տավուշի մարզում, հիմնականում՝ Դիլիջանում։ Թեև ստեղծագործական թիմը դիտարկել է Հայաստանի տարբեր վայրեր, վերջնական ընտրությունը կանգ է առել Դիլիջանի վրա։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի յուրաքանչյուր դետալում փորձել են պահպանել նկարահանող խմբի անմիջական ներգրավվածությունն ու անձնական վերաբերմունքը նախագծի նկատմամբ։ Որոշ տեսարաններ նկարահանվել են հենց թիմակիցների տներում, իսկ ֆիլմում օգտագործվել են նաև դերասանների անձնական իրերը։
Նկարահանման հրապարակում դերասաններին ինքնադրսևորվելու հնարավորություն է տրվել։ Ֆիլմի ստեղծագործական թիմի անդամների խոսքով՝ Քեշիշյանի աշխատանքային մոտեցումը դերասաններից պահանջել է առաջին հերթին անկեղծություն, իսկ ազատ մթնոլորտը հնարավորություն է տվել կերպարներին ավելի բնական ներկայացնել։
Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2025 թվականի սեպտեմբերին․ առաջին նկարահանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Գրեթե մեկ տարվա աշխատանքից հետո ստեղծագործական թիմը ֆիլմը ներկայացրել է հանդիսատեսին՝ հույս ունենալով, որ այն կփոխանցի ջերմություն և երկար ժամանակ կմնա դիտողի հիշողության մեջ։
Մարինա Ալեքսանյան