«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանական կառավարման վերջին շրջանի ռեպրեսիվ «նորամուծություններից» մեկն այն է, որ ՔՊ-ն, ի դեմս իրեն ենթակա պետական մարմինների, կամայականորեն փակում է տասնյակ ձեռնարկություններ, տնտեսվարող ընկերություններ: Հանրահայտ է, որ այս կամայականությունները կատարվում են Նիկոլ Փաշինյանի անձնական ու հրապարակային (ի դեպ) հրահանգներով: Դե, ինքն էլ դա չի թաքցնում:
Առաջինը «Տաշիր գրուպին» պատկանող ՀԷՑ-ն էր: Այնուհետև տասնյակ ընկերություններ փակելու, այսպես ասած՝ «կապարակնքելու» քպական հարվածի ալիքի տակ հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունները: Իսկ օգոստոսի 25-ին «կապարակնքման» ալիքը տարածվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին պատկանող տնտեսվարող ընկերությունների վրա:
Բայց որքանո՞վ է այդ ամենը օրինական, ներողություն՝ առնվազն ինչ-որ առումով իրավական տեսանկյունից գոնե հիմնավորված: Առհասարակ, այս ամենի մեջ որևէ օրինական հիմք, դե լավ, գոնե «հիմքիկ» կա՞: Ի վերջո, սեփականատերերն ու մասնավոր սեփականության իրավունքը դեռ մի կողմ (չնայած դա էլ պակաս էական չէ): Հիմնականն այն է, որ այդ զանգվածային «կապարակնքումների» հետևանքով հարյուրավոր, ավելին՝ հազարավոր մարդիկ՝ այդ ընկերությունների աշխատողները, հայտնվել են տևական անորոշության մեջ, զանգվածաբար խախտված են նրանց սահմանադրական իրավունքները (աշխատելու և եկամուտ ստանալու, ապրուստի միջոցներ հայթայթելու):
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն օրերս շատ պարզ ձևակերպումներով պատգամավորական հարցումներ է ուղղել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծագած ենթահարցերի անհրաժեշտությունից ելնելով՝ նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին:
Պատգամավորը ցանկացել է պարզել, թե ինչ իրավական հիմքեր կան «կապարակնքումների» համար: Մի ահռելի տրցակ գրագրություն է գոյացել: Անգամ այդ ընթացքում ՔԿ-ում պաշտոնյայի փոփոխություն է արդեն եղել, բայց բովանդակային, ընկալելի պատասխան այդ պարզ հարցերին չկա:
Պատգամավորին պատասխան նամակներ (լղոզված բովանդակությամբ) են ուղարկել ՔԿ տնտեսական հանցագործությունների ու մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ԺՊ Ա.Ժամկոչյանը, ապա նույն վարչության նոր պետ Վ. Մարտիրոսյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Ս.Մխիթարյանը:
Ագնեսա Խամոյանն ընդգծում է, որ Քննչական կոմիտեն (մյուս մարմիններն էլ) այդպես էլ չի կարողանում նշել Քրեական դատավարության օրենսգրքի և ոչ մի հոդված, որը քննիչին իրավունք է տալիս իրականացնել «կապարակնքում» կամ կիրառել «ժամանակավոր սահմանափակում»։ Քրեադատավարական օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված քննչական գործողությունների սպառիչ ցանկում նման հասկացություն՝ «կապարակնքում», պարզապես գոյություն չունի: Կոմիտեի պաշտոնական հայտարարությունը, թե «իրավասու չէ մեկնաբանել քննիչի լիազորությունները», իրավական ինքնախոստովանություն է, որ իրենք կիրառել են օրենքով չնախատեսված, ապօրինի գործիքակազմ: Խուզարկությունն ավարտվելուց և փաստաթղթերն առգրավելուց հետո տարածքները շարունակում են փակ մնալ «անորոշ ժամկետով»: Իսկ ՊԵԿ աշխատակիցների հնարավոր ստուգումները չեն կարող հիմք լինել քրեադատավարական կարգով տնտեսվարողի գործունեությունն ամբողջությամբ կաթվածահար անելու համար:
Պատգամավորը նաև նշում է. «Կոմիտեի պնդումը, թե նման ապօրինի սահմանափակումների վերաբերյալ «առանձին վիճակագրական հաշվառում չի վարվում», վկայում է այն մասին, որ բիզնեսների ապօրինի փակումը դարձել է անհաշվետու և կամայական պրակտիկա»:
Բայց այստեղ այլ կարևոր, գուցե մի փոքր «փիլիսոփայական» հարցեր էլ են ծագում: Պարզ է, չէ՞, որ ամեն մի «կապարակնքման» հետևում ինչ-որ մեկը կա, ինչ-որ մեկը այդ որոշումը կայացրել է, թուղթ ստորագրել, կա ինչ-որ մեկը, որ իր վրա է վերցրել հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդկանց աշխատազրկելու անիրավության պատասխանատվությունը: Թե Նիկոլ Փաշինյանը պետական բարձր ամբիոններից ինչ է բղավում, դա մի հարց է: Թե ով ումից ինչ հրահանգ է ստանում, դա էլ մեկ այլ հարց է:
Բայց ամեն դեպքում արձանագրենք, որ կան մարդիկ, պաշտոնյաներ, ընդ որում՝ իրական, շատ կոնկրետ մարդիկ ու պաշտոնյաներ, անուն-ազգանուններով պաշտոնյաներ, ինչպես վերը հիշատակվածները, որ թղթեր են ստորագրել, որ կարգադրել են այդ արգելող ժապավենները դռներին կպցնել, «կապարակնքել» և խաթարել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքները: Նրանք, ի դեպ, հազիվ թե չհասկանան, բացառված է, որ չհասկանան, թե ինչ ապօրինությունների «տակ են մտնում»: Հազիվ թե չհասկանան, որ, ի վերջո, նման դեպքերում միշտ ինչ-որ պահի պատասխան են տալիս օրենքի առաջ: Իսկ թե հասկանալով հանդերձ՝ ինչ հույսով են նման բաներ անում, արդեն այլ թեմա է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում