Փոխադրողներն առիթից օգտվո՞ւմ են
ОбществоԱյսօր մամուլն արդեն գրել է այն մասին, որ քաղաքապետարանում գնում են ակտիվ քննարկումներ տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ: Համատարած թանկացումների ֆոնին փորձում են օգտվել բոլորը: Շատ հաճախ այդ օգուտ քաղողների հիմնավորումները լինում են խիստ սուբյեկտիվ, և պատճառը լինում է խառը ժամանակներում արագ փող վաստակելու ցանկությունը: Հասարակության մեջ հիմանականում գերակշռում է այն տեսակետը, որ երթուղայինների գծատերերը հենց արագ հարստանալ ցանկացողների թվին են պատկանում: Փոխադրողները բերում են բազմաթիվ պատճառներ: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ասաց, որ համաձայն իրենց հաշվարկների՝ տրանսպորտը պետք է արժենա 300 դրամ,- տեղեկացնում է Orer.am-ը: Նա նաև հավելեց, որ «գնի առումով իջնելու տեղ չկա և սա վերջնական թիվ է»: Տպավորություն է, որ սակարկելու տեղ, այնուամենայնիվ, կա, և այս գինը «կրակել» են, որպեսզի հեշտությամբ կարողանան գոնե 200 դրամ դարձնել վճարը: Հետո էլ տպավորություն կստեղծեն, թե մեծ զիջումների են գնում: Հրանտ Եղիազարյանն ասուլիսում վկայակոչեց իսպանական անկախ աուդիտորական ընկերության տվյալներ, ըստ որոնց՝ թանկացումներից առաջ ուղևորները պետք է վճարեին 252 դրամ, հիմա արդեն այդ գումարը պետք է կազմի 300: Եղիազարյանը նշում է, որ կա երկու ճանապարհ. իշխանությունները իրենց խնայած գումարներով փոխհատուցում են կամ ոչինչ չեն անում: Նա նաև հայտնում է, որ վարորդների գործադուլները դեռ համատարած բնույթ չեն կրում: Երեկ բազմաթիվ վարորդներ մեզ հետ զրույցում նշում էին, որ մտնում են ժողովրդի դրության մեջ և չեն պահանջում ուղեվճարի թանկացում: Սպասենք հանգուցալուծումներին: