Արտաշատում վարձավճարներն ավելացել են
Արտաշատի բազմաբնակարան շենքների տանիքների, նկուղների, բակերի սպասարկման վարձավճարներն ավելացել են Արտաշատի ավագանու հունիսի 27-ի որոշմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատ քաղաքի «Բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Վալերիկ Վարդանյանը, վարձավճարներն ավելացել են 200-300 դրամով՝ ելնելով բազմաբնակարան շենքների բնակարանների սենյ ակների քանակից:
Նրա խոսքով, ավելացումը պատահական չէ, ուսումնասիրվել է Արարատի, Էջմիածնի, Երևանի փորձը: «Օրինակ, մայրաքաղաքի 1 շենքի ողջ տարվա վարձավճարը մենք հավաքագրում ենք մեկ տարվա ընթացքում՝ 100 շենքից»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ դրա հիմնական պատճառը բնակարանների «փակ դռներն» են, և վճարումները կատարում են միշտ միևնույն մարդիկ: Փոխարենը, տանիքներից անձրևաջրերի հոսքի, նկուղների և բնակարանների ներսում խողովակների հետ առաջացած խնդիրների համար օրական միջինը 6-7 ահազանգ են ստանում:
Շենքերի նկուղների խողովակները մաշված են բ արոյապես և ֆիզիկապես: Բարվոք վիճակում չեն նաև տանիքները: Դրանք հիմնականում ունեն տասնյակ տարիների վաղեմություն, անփույթ են վերաբերվել նաև բնակիչները՝ ալեհավաքների տեղադրման, գազախողովակների անցկացման, զանազան այլ աշխատանքների ժամանակ վնասելով դրանք:
Վերջին չորս տարում ՓԲԸ-ի միջոցներով փոխվել են նաև շենքերի մուտքերի 100 դռներ, տեղադրվել 20 բակային խաղահրապարակներ, վերանորոգվել տանիքներ և նկուղներ: Այս տարի քաղաքապետարանը մեկական մլն դրամ տրամադրել է քաղաքի տանիքների և նկուղների վերանորոգման աշխատանքների համար: Արդեն կազմված են նախագծերը, և առաջիկայում կտրվի դրանց աշխատանքների մեկնարկը: