Ինչքան էլ կառավարությունը փորձի գնաճը զսպել, այնուամենայնիվ, գնաճ ունենալու ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Երբ ապրանքի գներն աճում են, հետո շատ դժվարությամբ են նվազում: Միշտ էլ այդպես է եղել: Սպասելիքներ և խոստումներ կան, որ կառավարությունն ու ԿԲ-ն տիրապետում են և կպատժվեն բոլորը»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ հունվարի վերջին գուցե կրկին նմանատիպ տատանում լինի շուկայում:
Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ շեշտեց, որ գնաճն ուներ տարբեր պատճառներ.
«Ամենակարևորը մեր մենթալիտետն է, անընդհատ կառավարությանը և իշխանությանն ենք մեղադրում, բայց կան հազարավոր խանութների տերեր, որոնք առանց հիմնավորումների և աչքաչափով գներ են բարձրացնում: Մեզ մոտ այս խուճապը համազգային բնույթ է կրում և պիտի կարողանանք ոչ միայն գրագետ ապրել, մեր բյուջեն գրագետ կազմակերպել, այլ մեր ետություն–տնտեսվարող հարաբերությունները ճիշտ կազմակերպենք: ՏՄՊՊ-ն շատ ավելի խիստ վերահսկողություն պիտի սահմանի: Վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Պատգամավոր Թևան Պողոսյանն արձագանքելով ասաց. «Երբ վարչապետը գազալցակայաններում էր, այդ ժամանակ գներն իջեցրել են, հետո երեկոյան գները նորից բարձրացրել են»: