Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է. ՊՆ մամուլի քարտուղար
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում: Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։
Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փախստականների և բռի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն ասել էր, թե իբր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությանն Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամների և գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի միաժամանակյա հանձնում իրականացնել' հայկական կողմից պահանջելով դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների և մեկ դիվերսանտի դին, սակայն հայկական կողմը հրաժարվել է: Հասանովը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ստել է՝ ասելով, թե հայկական կողմը ցանկանում է հինգ հոգանոց ընտանիքի անդամներին և Կարեն Պետրոսյանի դին փոխանակել միայն Հասան Հասանովի դիակի հետ: