Նախիջևանում մահացու ծեծի են ենթարկել իրավապաշտպանին
Նախիջեւանում գազանաբար ծեծել են «Աջակցություն ժողովրդավարության ռեսուրսային զարգացման կենտրոնի» աշխատակից, ճանաչված իրավապաշտպան Իլգար Նասիբովին: Մի խումբ անհայտ անձինք փողոցում հարձակվել են Իլգար Նասիբովի վրա, մահացու ծեծի ենթարկել նրան եւ նետել կենտրոնի գրասենյակ: Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ծանր հարվածներից ուշաթափված Իլգար Նասիբովը չի հիշում իրեն ծեծողներին: Նրա կինը' նույնպես իրավապաշտպան Մալահաթ Նասիբովան հայտնել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները բազմիցս սպառնացել են իրենց:
Մալահաթ Նասիբովան Meydan TV-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին մոտ ժամը 21-ին:
«Ամուսնուս վիճակը սարսափելի վատ է: Նրան մահացու ծեծի են ենթարկել: Մենք նրան հայտնաբերել ենք գրասենյակում անճանաչելի դարձած: Նա շատ արյուն է կորցրել: Հարվածել են գլխին, ուշաթափ արել եւ վնասվածքներ հասցրել մարմնի բոլոր մասերին: Գրասենյակի բանալին վերցրել են գրպանից: Նա այժմ ոչինչ չի հիշում, միայն ասում է, որ իր վրա մեծ խումբ է հարձակվել: Նրան ծեծել են նաեւ գրասենյակում»,-ասել է Նասիբովան:
Նա նաեւ հայտնել է, որ մոտ 1,5 ամիս առաջ անհայտ անձը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Իլգար Նասիբովին եւ վնասվածքներ պատճառել:
«Ես կակածում եմ Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարության վրա: Նախարարության աշխատակիցները բազմիցս սպառնացել են մեզ: Դա անում են մեր լրագրողական գործունեության պատճառով», -ասել է նա:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ օգոստոսի 6-ին անհայտ անձինք փորձել են ներխուժել Նասիբովների բնակարան: Նրանք փորձել են ջարդել բնակարանի դռան կողպեքը, բայց չեն կարողացել: Մալահաթ Նասիբովան նշել է, որ այդ միջադեպի համար եւս կասկածում է անվտանգության աշխատակիցներին:
Մալահաթ Նասիբովան Նախիջեւանում «Աջակցություն ժողովրդավարությանը ռեսուրսային կենտրոն»-ի ղեկավարն է: Իլգար Նասիբովն այդ կենտրոնի աշխատակից է եւ համագործակցում է մի շարք ԶԼՄ-ների հետ:
Նասիբովները տեղի իշխանությանը քննադատաելու եւ քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար նախկինում եւս նման ճնշումների են ենթարկվել: Մալահաթ Նասիբովան Ռաֆտոյի անվան հեղինակավոր միջազգային պարգեւի (Նորվեգիա) դափնեկիր է: