Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սատկած խոզի մսի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց իրադարձություններին արձագանքել է, որ ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության աշխատակիցների կողմից անմիջապես տրվել է հանձնարարական` ձեռնարկելու սննդի համար ոչ պիտանի մսեղիքի ոչնչացման աշխատանքներ: Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է:
Բացի այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Ուրեմն, ծառայությունը բացարձակ աբսուրդ բաներ է ասում: Մսամթերքի շուկաներում ամեն օր համապատասխան աշխատակիցները նմուշներ են վերցնում, այնուհետև միսը կնքում են, որից հետո թույլատրվում է վաճառքը... Դեռևս չեմ խոսում այն մասին, որ այդ փորձանմուշ ասվածը մսի բավական պատկառելի կտոր է, յուրահատուկ ատկատ...
Ինչ է դա նշանակում. սննդի անվտանգության ծառայության կամ համապատասխան այլ ծառայությունների աշխատակիցների թույլատվությամբ այդ միսը մտել է շուկա, որից հետո լրատվամիջոցների համապատասխան աղմուկի պատճառով կրկնակի ստուգում է անցկացվել և հայտնաբերվել է մարդկանց կյանքի համար վտանգավոր մսեղիք: Սույն բազմաչարչար ծառայությունը խրոխտ կերպով հայտարարում է, որ այդ մսեղիքը հայտնաբերվել և ոչնչացվել է, մինչդեռ այս բացահայտումներին պետք է հետևեր պաշտոնանկություններ և քրեական գործեր՝ ամենացածրից մինչև ամենաբարձր օղակներ: Էլ ինչի համար է պետությունը իր բյուջեից պահում այդ իմպոտենտ կառույցը, որը կոնկրետ մսի շուկայում բացառապես իրականացնում է փորձանմուշի անվան տակ մսամթերք հավաքելու և պարզ է, թե ինչի դիմաց այդ մսերը շուկա թողնելու գործառույթ...Արդյունքում մեր բնակչության պարենային անվտանգությունը կորչում է անպատասխանատու գերատեսչությունների և կոռուպցիոն բուրգի արանքում...Եթե այս ամենին պաշտոնանկություններ չհետևեն՝ ուրեմն այս անբարո գործարքը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով...