ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը հանդես են եկել հայտարարությամբ, որով ՌԴ Քննչական կոմիտեից պահանջում են փոխել Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամաբ խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ' Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի' պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:
Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը»:
Ինքնին հասկանալի է, որ տարածված հայտարարությունը ինքնաբուխ չի եղել արցախյան պատգամավորների կողմից և նրանց շուրթերով փորձում են Հայրապետյանին աջակցության իմիտացիա ստեղծել: Մինչդեռ ամենամեծ աջակցությունը թերևս այն կլիներ, որ տարաբնույթ օղակները չխցկվեին Ռուսաստանի ու Հայրապետյանի ՛՛մատի ու մատանու՛՛ արանքը և իրենց հայտարարություններով ծիծաղելի վիճակի մեջ չդնեին հայկական դիվանագիտությունը:
Մեր պաշտոնյաները այդպես էլ չհասկացան, որ դիվանագիտության մեջ էմոցիաները ավելորդ բեռ են և միայն կարող են վնաս հասցնել պետության վարկանիշին: Այլ հարց է, որ ֆեյսբուքյան հերոսամարտերում լատինատառ հայրենասիրիզմը պոռթկում է առ Հայրենիք և յուր զավակներ պաթետիկ սիրուց. դա նորմալ է և բնութագրական է աշխարհի սոցցանցրի օգտատերերի մեծ մասին, և բոլորովին այլ հարց է, երբ փորձում են Հայրապետյանին իբր աջակցության ժեստ անել ճանաչված հայկական պետության օրենսդիր մարմնի շուրթերով, որի կարգավիճակի շուրջ բանակցող եռանախագահներից մեկը ներկայացնում է հայազգի գործարարին ձերբակալող երկիրը:
Ի վերջո, Հայրապետյանը ԱՄՆ-ի քաղաքացի է, ձերբակալվել է 2006 թվականից քննվող գործի շրջանակներում, մի գործ, որի միջով բազմաթիվ ազգությամբ ռուսներ են անցել և Հայրապետյանը ամբողջ շղթայի մի օղակն է միայն: Չնկատելու տալ այդ փաստը և Արցախի խորհրդարանին մղել արկածախնդրության՝ տարրական դիվանագիտական գիտելիքնրի բացակայության վկայություն է:
Իհարկե, մաղթում ենք, որ հայազգի գործածարը հնարավորինս շուտ ազատ արձակվի և պարզվի նրա անմեղությունը, սակայն պաթետիկ հայտարարություններով նրան վնասել չենք պատրաստվում: Ի վերջո, այդ նույն Հայրենիքը լուռ հետևում էր, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները ժամանակին հալածում Լևոն Հայրապետյանին և փորձում նրանից խլել Հայաստանում կատարած իր ներդրումները:
Ուղղակի երբ նրան պետք էր սատարել Հայաստանում՝ բոլորը լռությամբ համակերպվեցին և ազատ արձակեցին իշխանությունների ձեռքերը: Որովհետև վիրտուալ թշնամու դեմ պայքարելն ու բռունցք թափահարելը մեզ մոտ լավ է ստացվում...
Հա, մեկ էլ անմեղսունակ հայտարարություններ տարածելը...
Վարուժան Բաբաջանյան