Parliamentmonitoring.am կայքը ներկայացրել է ամենաակտիվ, ամենաշատ բացակայած, կողմ, ձեռնպահ, դեմ քվեարկած պատգամավորների տասնյակը:
Այս վարկանիշային աղյուսակների կողքին կա նաև ամենաշատ այցելված էջերի ցանկը:
Orer.am-ը ներկայացնում է այն պատգամավորների տասնյակը, որոնց խորհրդարանի կայքի պաշտոնական էջերն ամենաշատն են այցելել:
Պարզվում է ամենաշատ այցելված էջերի տասնյակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այստեղ հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ առաջնորդն առաջին հորիզոնականում իր դիրքն ապահովել է նաև ամենաշատը բացակայող պատգամավորների վարկանիշային աղյուսակում: Փաստորեն, ստացվում է, որ չնայած նրան, որ Գագիկ Ծառուկյանը տարվա ընթացքում խորհրդարան այցելում է լավագույն դեպքում մեկ անգամ, բայց արի ու տես, որ նրա պաշտոնական էջն ամենաշատն է հետաքրքրում մարդկանց: Նրա էջ այցելել են մոտ 6595 անգամ:
Երկրորդ հորիզոնականում` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյաննն է: Վերջինիս պաշտոնական էջն այցելել են 6264 անգամ:
Ամենաշատ այցելված էջերի շարքում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինիս էջն այցելել են 5661 անգամ: Նշենք նաև, որ այս պատգամավորը նույնպես դասվում է ամենաշատ բացակայող պատգամավորների շարքում:
Չորրորդ հորիզոնականում գտնվող պատգամավորը, չնայած նրան, որ շատ չի բացակայել, բայց նա էլ խորհրդարանում հաճախակի է իր մեկնաբանություններով և պահվածքով աչքի ընկել: 4197 անգամ այցելել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի էջը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի էջն այցելել են 3920 անգամ: Պատգամավորն այս վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը:
Վեցերորդ հորիզոնականում է գտնվում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Վերջինիս պաշտոնական էջն այցելել են 3717 անգամ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի էջն այցելել են 3333 անգամ: Նա զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
Ութերորդ հորիզոնականում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է: 3066 անգամ այցելել են նրա պաշտոնական էջը:
Իններորդ տեղում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նրա էջն այցելել են 2897 անգամ:
Իսկ վերջին` տասներորդ հորիզոնականում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է: Պատգամավորի էջն այցելել են 2832 անգամ: