Իտալական վերլուծականն անդրադարձել է Կարեն Պետրոսյանի ողբերգական մահին
Международные новостиԻտալական Osservatorio Balcani e Caucaso վերլուծականը իր կայքում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից գերի վերցված Կարեն Պետրոսյանի ողբերգական մահին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալական պարբերականն ներկայացնում է Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակչի գերի ընկնելու և անհասկանալի պայմաններում մահանալու պատմությունը:
Պարբերականը գրում է, որ մինչ Չինարիի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ Կարենը մոլորվել էր փայտ հավաքելու ընթացքում, Բաքվի իշխանությունները պնդում էին, որ վերջինս դիվերսանտ է և լրտես: Ընդ որում, հայկական կողմի տեսակետն էր պաշտպանում նաև Ֆարիդա Թագիևան, ով առաջինն էր հանդիպել Կարենին վերջինիս կողմից Ադրբեջանի հետ սահմանը հատելուց հետո:
Թագիևան և ադրբեջանական գյուղի մյուս բնակիչները հետագայում հայտնել էին, որ հայկական կողմից եկած մարդն անզեն էր և քաղաքացիական հագուստով: Որպես ասվածի ապացույց է ծառայում գյուղացիների արած սիրողական տեսաձայնա գրությունը:
Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունները Կարենին բռնելուց քիչ հետո նրան հանրությանն են ներկայացնում զինվորական հագուստով' պնդելով, թե Կարենը հայկական կողմից ուղարկված դիվերսանտ է: Հաջորդ առավոտ Բաքուն հայտարարում է, որ «հայկական դիվերսանտը» մահացել է «սրտի անբավարարության հետևանքով»:
Իտալական պարբերականն ահազանգում է, որ ողջ ընթացքում պաշտոնական Բաքուն բանեցրել է ռազմատենչ հռետորաբանություն, անգամ Նախագահ Իլհամ Ալիևի «Թվիթեր»-ի միկրոբլոգը լցվում է սպառնալիքներով, մեղադրանքներով և ռազմատենչ հայտարարություններով ընդդեմ «հայ բարբարոսների և վանդալների»: Հաջորդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում «պատրաստ է ոչնչացնել մայրաքաղաք Երևանը»:
Իտալական պարբերականը գրում է, որ հետագա օրերին Ադրբեջանում սկսվում է ձերբակալությունների և ճնշումների ալիք, որն ուղեկցվում է ադրբեջանցի ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալություններով: Osservatorio Balcani e Caucaso-ն նշում է, որ հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացավ միայն Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպումներից հետո:
Պարբերականը եզրափակում է, որ թեպետ այդ օրվանից սկսած վերադարձ կատարվեց դեպի սահմանի հարաբերական անդորրություն, այդուհանդերձ հրադադարի պարբերական խախտումներ շարունակում են գրանցվել: Osservatorio Balcani e Caucaso-ի գնահատ մամբ, կատարվածի միակ դրական երևույթն այն էր, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմի քաղաքացիական հասարակությունը հակամարտության ամենաթեժ օրերին հանդես եկավ խաղաղության կոչերով: