Օրերս, Tert.am-ը ներկայացրել է հերթական մի պատմություն ութսուներկուամյա Մարտիկ Հայրապետյանի մասին, ով բնակվում է Երևանի Պուշկինի 40 հասցեում և օրերս դատարանից ծանուցում է ստացել այն մասին, որ «Երևան ջուր» ընկերությունը դատի է տվել իրեն՝ ջրի խողովակի վրա ջրաչափ չտեղադրելու համար: Ինչպես նշված կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտին Հայրապետյանը, խնդիրն այն է, որ ինքը թոշակով է ապրում և հնարավորություն չունի հաշվիչ գնելու:
«Միայնակ մարդ եմ, որ գումար ունենայի հաշվիչ կտեղադրեի, ոչ թե կթողեի մեծ տուգանք գար ու էս տարիքիս ընկնեի դատարանների դռները: Անկողնուցս եմ վեր կացել հասել այստեղ, որ հասկանամ էս ինչ հարց է: Սա նոր հարց չի, դեռ տարիներ առաջ, որ սկսեցին «շոտչիկները» դնել, բոլորին դրեցին, ինձ չդրեցին: Քանի անգամ եմ խնդրել, որ «Երևան ջուրը» բերի տեղադրի, քանի որ ծեր մարդ եմ, չեմ աշխատում, միջոցներ չունեմ, բայց չարեցին ու դատի տվեցին»,- ասել է ծերունին:
Նշենք, որ «Երևան ջուր» ընկերությունը Մարտիկ Հայրապետյանից դատարանի միջոցով պահանջում է վճարել 65 հազ. դրամ, այնինչ պետության կողմից ստացած թոշակի չափը կազմում է 35 հազ. 600 դրամ:
Ծերունին, թեև նշել է, որ գիտի՝ կարգն է այդպիսին, բայց չգիտի, թե ինչպես է հարցը լուծելու: «Երևան ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ ընկերությունը բացառություններ անում է և սեփական միջոցներով հաշվիչ տեղադրում, բայց յուրաքանչյուր դեպք առանձին մոտեցում է պահանջում: «Նման հարցով օրական շատ մարդիկ են մեզ այցելում, բայց ընկերությունն էլ միանգամից դատի չի տալիս, սկզբում պարզում է, թե ինչն ինչոց է նոր միայն գործը հասցնում դատարան: Մարդիկ, որ չեն ուզում ու չեն վճարում, դրա համար իրականում անհատական մոտեցում է հարկավոր: Ճիշտ կլինի այդ մարդը գա ու դիմում ներկայացվի, որպեսզի գործը քննարկվի: Սա մի քիչ իրավաբանական խնդիր է, դրա համար մարդը պետք է գա, բոլոր հարցերը ներկայացնի, որ իրավաբանները հասկանան, թե ինչպես խնդիրը լուծել»,- մասնավորապես պատասխանել է Մուրադ Սարգսյանը:
Այս պատմությունը կարելի է համարել հերթական մարազմատիկ օրինակը, որպիսիք հարյուրներով կան մեր իրականության մեջ: Ինչ է ստացվում, որ ութսուներկու տարեկան ծերունին պետք է ասենք իր երկու ամսվա թոշակը հատկացնի որ գնի ջրաչափ ու տեղադրի .... իսկ լավ ինչով պիտի ապրի` սնվի հագնվի վճարի կոմունալ մնացյալ վճարները և այլն չհաշված որ արդեն տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված կարիք ունի հավանաբար դեղերի, բժշկական միջամտության և այլն: Սակայն սա դեռ մի կողմ: Հարցին մոտենանք լրիվ այլ կողմից: Հայտնի է, որ 2005թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը: Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում: Իսկ Veolia Water միջազգային ընկերությունն իր համակարգում ունի Veolia Environnement հիմնադրամը, որը ունի մլն եվրո տարեկան բյուջե և մասնակցում է կայուն զարգացման, կարիքավորներին աջակցման, աշխատուժի զարգացման և բնության պահպանությանն ուղղված ծրագրերում, թե Ֆրանսիայում, թե նրա սահմաններից դուրս: Այժմ հարց Երևան ջուր ընկերության պատասխանատուներին` միթե հնարավոր չէր այս պապիկի համար բացառություն անել կամ աջակցել ընկերության հավատարմագրային կառավարող միջազգային Veolia Water ընկերության սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում, որ խնդիրը չգար հասներ մինչև այս կետին ու զառամյալ պապիկը չընկներ դատարանի դռները: Ավելին, Մարտին Հայրապետյանին դատարան հասցնելով ու այդ պատմության այսօրինակ հանրայնացմամբ “Երևան ջուր” ընկերությանը որքան վնաս հասցրեց Veolia Water-օ բարի անվանն ու գործարար համբավին. չէ որ բոլորս գիտենք, իսկ ֆրանսիացիները հատկապես, որ զառամյալները կարիք ունեն խնամքի հոգատարության ու այս քայլը ուղղակի հակասում է այդ սկզբունքին ու վնասում Veolia Water-ի իմիջին: Կարելի է երբեմն չլինել “Պապից ավելի կաթոլիկ” ու զիջումներ անել գոնե սեփական խղճի առաջ մաքուր մնալու համար:
Արտակ Կարապետյան