«Ստեղծվել է խորհրդաժողովի կազմկոմիտե». Տիգրան Ուրիխանյան
Общество
Օրեր առաջ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, որ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով: Orer.am-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից տեղեկանալ, թե ի՞նչ փուլում է գտնվում խորհրդաժողովի կազմակերպումը, ովքե՞ր են հրավիրված և այլն:
«Այս պահին կարող եմ ասել, որ ստեղծվել է կազմկոմիտե, որը զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներով: Վստահ կարող եմ ասել, որ այն կազմակերպված է լինելու շատ բարձր մակարդակով և լինելու է խիստ ներկայացուցչական: Միակ խնդիրը, որ այս պահին կա, ապա դա մասնակցելու ցանկություն հայտնողների աննախադեպ մեծ թիվն է, որը մեզ ստիպում է վերանայել սկզբնական ֆորմատը և դահլիճի ընտրությունը: Իհարկե, հասկանալի է, որ այս հարցերը կազմկոմիտեն կլուծի հնարավորինս արագ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները, անհատները, իրենց հրավիրատոմսերը ստանալու են հունվարի 10-ից սկսած, երբ բոլոր կազմակերպչական հարցերն արդեն լուծված կլինեն»,-հայտնեց Տիգրան Ուրիխանյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք խորհրդաժողովը կարող է փակ լինել ԶԼՄ-ների համար, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Ո՞րն է նման ներկայացուցչական խորհրդաժողովի՝ փակ անելու իմաստը: Ընդհակառակը, մենք կարևորում ենք, որ հասարակական տրամադրությունների բոլոր նրբերանգները հնչեցվեն, և տեղի ունենա ազատ և անկաշկանդ քննարկում: Խորհրդաժողովը բաց է լինելու ԶԼՄ-ների համար, ավելին, այս պահին կազմկոմիտեն քննարկում է ողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու հարցը»: