«Freedom House»-ի նախագահն Արևմուտքին կոչ է անում սանկցիաներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների դեմ
Международные новости«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի լրագրող և մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ Իլգար Նասիբովի հանդեպ վերջերս իրականացված դաժան հարձակումների վերաբերյալ: «Լրագրող Իլգար Նասիբովի դեմ իրագործված սարսափեցնող ֆիզիկական հարձակումը ամենավերջին վնասն է' հասցված Ադրբեջանում արագորեն և արմատապես վատթարացող մարդու իրավունքների իրավիճակին: Թվում է՝ Ադրբեջանի կառավարությունը վճռել է կեղծ մեղադրանքների, ձերբակալությունների և ծեծի միջոցով ահաբեկել մարդու իրավունքների ատիվիստներին և իր գործողությունները քննադատող ցանկացած անձի, ինչպես տեղի ունեցավ օգոստոսի 21-ին Նասիբովի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է «Freedom House»-ի նախագահ Դեյվիդ Կրամերը:
Իրավապաշտպանը զգուշացնում է նաև. «Նախագահ Իլհամ Ալիևը չարաչար սխալվում, եթե կարծում է, որ քանի աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ թեժ կետերի վրա, իր կառավարությունն առանց որևէ հետևանքների կարող է հետապնդել իր քննադատներին»:
Կրամերի խոսքով՝ ադրբեջանական կառավարությունը և Ալիևը պետք է պատասխանատվության կանչվեն' իրենց երկրում վտանգավոր և թշնամական միջավայր ստեղծելու համար: Նա նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրոպական միությանը մտածել այդ չարաշահումները թույլատրած և իրականացրած պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ: