Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր (լուսանկարներ)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Վայոց Ձորի մարզում գտնվող սահմանապահ հենակետեր։ Ամանորի շեմին ՀՀ ԱԺ նախագահի՝ երեք սահմանապահ դիրքեր այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը:
Զինվորականները նշել են, որ հայ մարտիկները զգոն են և օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին և համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։
«Հայ մարտիկի ոգին անկոտրում ու անպարտելի է»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել, որ ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի դիվերսիոն և սահմանային նպատակամղված խախտումներին անցնող տարվա ընթացքում տվել են համարժեք պատասխան՝ հերթական անգամ ապացուցելով Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։
Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու և հակահարված հասցնելու հակառակորդին։
ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որն իր մարտունակությունն ապացուցել է նաև 2014թվականին և այդպես շարունակվելու է 2015-ին ու բոլոր ժամանակներում։
Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Գալուստ Սահակյանը շնորհավորել և բարեմաղթանքի խոսք է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորներին ու զինվորականներին։
Խաչիկ համայնքում խորհրդարանի ղեկավարին դիմավորել են ջերմությամբ։ Ծավալված անմիջական զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը բնակիչներին տեղեկացրել է, որ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված, սահմանամերձ համայնքներին վերաբերող օրենքով կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։
Գալուստ Սահակյանն այցելության շրջանակներում կանգառ է ունեցել նաև Չիվա համայնքում, որտեղ հյուրընկալվել է Մանուկյանների ընտանիքում։ Գալուստ Սահակյանն իր և Հայաստանի օրենսդիր իշխանության անունից նվերներ է հանձնել վեց զավակ ունեցող ընտանիքին։ ԱԺ նախագահը, Մանուկյանների ընտանիքին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նոր սերունդն այն բարձր և անգնահատելի արժեքն է, որը ստանձնելու է մեր երկրի զարգացման, պաշտպանության և հզորացման գործը։
Չիվա համայնքում ԱԺ նախագահը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել առօրյա խնդիրներին։