Լսեցի Անիիս ճիչն ու չհավատացի, որ այս հրաշքի հայրը ես եմ. Վիգեն Ավետիս
КультураOrer.am-ի բլից հարցերին է պատասխանում Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Նա խոսել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու և իր անձնական ու ստեղծագործական ամենատպավորիչ հաջողությունների մասին, որոնք քանդակագործի կյանքում արձանագրվեցին 2014 թվականին:
-2014-ի կարևորագույն ստեղծագորական հաջողությունը:
-2014 թվականն ամբողջությամբ ստեղծագործական էր և լի անսպասելի հաջողություններով: Ֆլորենցիա քաղաքի արվեստի և գրականության 32-րդ մրցանակաբաշխության «Քանդակագործություն» անվանակարգում 1-ին մրցանակի և ոսկե մեդալի արժանացավ «Նեֆերտիտի» քանդակը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց Մայր» մոնումենտալ բրոնզե արձանը ցուցադրվեց Ֆլորենցիայի և Սիենայի գլխավոր հրապարակներում, իսկ Չիկագոյի Սուրբ Հակոբ եկեղեցու խորանին դրվեց «Աստվածամայրը մանկան հետ» գեղանկարը:
-2014-ի կարևորագույն անձնական հաջողությունը: - Շուշիի Ղազանչեցող եկեղեցում կայացավ իմ և Էլինա Հովսեփյանի պսակադրությունը, և ծնվեց մեր դուստրը՝ Անի Ավետիսյանը:
-Տարվա հիասթափությունը:
- Չեմ ունեցել հիասթափություն:
-Տարվա քաղաքական իրադարձությունը:
- ԵՏՄ-ին Հայաստանի միանալու ազգադավ պայմանագրի վավերացումը:
-Քանդակ, որով հիացաք այս տարի։
- «Սուրբ Թովմասն ու Հիսուս Քրիստոսը» բրոնզաձույլ արձանը (Օրսան Միքելե եկեղեցու թանգարան, Ֆլորենցիա):
-Տարվա զարմանքը:
-Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20.48-ին, լսեցի Անիիս ճիչը ու չհավատացի, որ այդ հրաշքի հայրը ես եմ:
-Ի՞նչ մնաց կիսատ 2014-ին:
-2014-ին կատարվեց այն, ինչին սպասել եմ և անգամ չեմ սպասել: Կիսատ ոչինչ չմնաց:
-Մարդ, ում կցանկանաք շնորհակալություն հայտնել:
-Բոլոր նրանց, ովքեր սրտանց ժպտում են ինձ և իմ սիրելիներին:
-Մարդ, ումից կցանկանաք ներողություն խնդրել:
-Բոլոր նրանց, ում զլացա ժպտալ:
-Ինչպե՞ս նշեցիք Ամանորը:
-Դեկտեմբերի 31-ին կնոջս ու դստերս տուն բերեցի և առաջին անգամ Ամանորը նշեցի ընտանիքիս հետ:
-Ի՞նչ սպասելիք ունեք 2015-ից:
- Շատ սպասելիքներ ունեմ մեզ՝ հայերիս համար:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի