Արմեն Աշոտյանն ամառային քննաշրջանը հաջողված է համարում
ՀՀ կրթության և գիտության նախարարն այս տարվա քննաշրջանը հաջողված է համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի կարծիքով՝ քննություններն անց են կացվել շատ ավելի արժանահավատ և օբյեկտիվ ձևով:
«Ամառն ինչպես դպրոցական, այնպես էլ միասնական, ավարտական և ներբուհական քննությունների ժամանակահատված է: Այս տարվա քննություններն արժանացել են մեր հասարակության և շահառուների վստահությանը: Իմ լավատեսությունն ու դրական արձագանքը հենց լրատվամիջոցների դրական արձագանքի արդյունքն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքով՝ բուհական քննություները նույնպես այս տարի դիտվել են որպես ավելի օբյեկտիվ և արդար: «Թեպետ այստեղ մի ծաղկով գարուն չի գալիս, և համակարգային լուրջ, կայուն փոփոխությունների համար մեզ պետք է ոչ միայն համառություն և ժամանակ, այլև հավատ, որ մենք դրան կարող ենք հասնել: Մեր հաջողությունները շարունակական են: Մեզ համար կարևոր է, որ տարվա ցուցանիշներն ավելի լավը լինեն նախորդ ցուցանիշներից»,- հավելեց նա:
Աշոտյանի խոսքով՝ ոլորտում գոյություն ունեն կոռուպցիոն ռիսկեր, որոնք, սակայն, հավասարաչափ չեն բաշխված:
Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 2-ից: Քննությունների առաջին փուլը եզրափակվել է հունիսի 23-ին: Քննական երկրորդ փուլն անցկացվել է հուլիսի 2-8-ը: